avc_insights
Ժյուլիեն Լեկուտուրիե․ «Ես ցանկանում եմ շարունակել հայերեն սովորել ՀՎՀ-ի հետ»

30-ամյա Ժյուլիեն Լեկուտուրիեն մեկն է այն երիտասարդներից, ով, ծնվելով և ապրելով նախնիների հայրենիքից հեռու, կյանքի մի փուլում սկսում է փնտրել իր արմատները։ Ժյուլիենը մեծացել է Ֆրանսիայում, այսօր ապրում է Վերսալում։

«Թեև իմ հայկական արմատները հեռու անցյալում են մնացել, սակայն մշտապես մեծ հետաքրքրություն եմ ունեցել Հայաստանի, հայկական մշակույթի ու պատմության նկատմամբ»,-ասում է նա։

Ժյուլիենը քիչ բան գիտի իր տատիկի ընտանիքի մասին, ում ծնողները վերապրել են Հայոց ցեղասպանությունը և ծագումով Սեբաստիայի Մանջելեխ գյուղից են եղել։

«Ես երբեք չեմ եղել իմ նախնիների հայրենիքում։ Այն իմ երազանքներից մեկն է։ Տատիկս այլևս հայերեն չի խոսում, թեև այն իր սովորած առաջին լեզուն էր»,- նշում է Ժյուլիենը։
Հայերեն սովորել Ժյուլիենը որոշել է տասնհինգ տարեկանում։ Փարիզին մոտ գտնվող համայնքային կենտրոնում հաճախել է արևմտահայերենի դասընթացի, այնուհետև ուսումը շարունակել է Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (INALCO)։

2015թ․ նա առաջին անգամ այցելել է Հայաստան, որտեղ, որպես Եվրոպական կամավորական ծառայության անդամ, մնացել է մեկ տարի։ «Անմոռանալի և արգասաբեր փորձառություն էր։ Ես միշտ կհիշեմ խաղաղ և հանգիստ Իջևան քաղաքը՝ իր գրավիչ միջավայրով, նաև Իջևանի համալսարանի ֆրանսերեն բաժնի խելացի ուսանողներին»,-ասում է նա։

Հայաստանում Ժյուլիենը սկսեց ավելի կենտրոնանալ արևելահայերենի վրա։ Մի լիբանանահայից նա արդեն լսել էր ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի մասին (ՀՎՀ), իսկ երբ Երևանում կայացած ԴիջիԹեք ցուցահանդեսի ընթացքում հանդիպեց ՀՎՀ-ի ներկայացուցիչներին, Ժյուլիենը որոշեց գրանցվել

սկսնակների դասընթացին։ Այսօր նա արդեն արևելահայերենի բարձր մակարդակի ուսանող է։

Ժյուլիենը վճռել է շարունակել հայերենի ուսումը ՀՎՀ-ում մինչև լեզվի լիարժեք տիրապետումը։

«Նրանց, ովքեր ցանկանում են սովորել կամ կատարելագործել հայերենը, վստահորեն խորհուրդ կտամ մասնակցել ՀՎՀ-ի դասընթացներին»,-ասում է Ժյուլիենը։ «Կարծում եմ՝ այս ծրագիրը հատկապես օգտակար է աշխատանքով ծանրաբեռնված մարդկանց համար, և նրանց համար, ովքեր հեռու են ապրում ավանդական կրթական հաստատություններից՝ համայնքային կենտրոններ, դպրոցներ և համալսարաններ։ Բացի այդ, կա հնարավորություն ընտրել դասընթացի դանդաղ ընթացքը(16-շաբաթյատևողությամբ), ինչը կատարյալ է, եթե չես կարող ամեն օր շատ ժամանակ տրամադրել ուսմանը»,-հավելում է նա։

Ժյուլիենը հաճույքով է սովորում ՀՎՀ-ի ինտերակտիվ առցանց դասերը, հատկապես սիրում է կարդալ հայերենով գրված կարճ բնագրերը՝ հագեցված հետաքրքիր փաստերով, գեղեցիկ նկարագրություններով և լավ հումորով։

Ժյուլիենը չունի հայախոս շատ ընկերներ կամ ծանոթներ և փորձում է, որքան հնարավոր է, գործնական առցանց հանդիպումներ ունենալ իր հեռավար դասախոս Օվսաննա Ճորոխյանի հետ։

«Ես պետք է հատկապես շեշտեմ իմ դասախոսի՝ տիկին Օվսաննա Ճորոխյանի արհեստավարժությունը և բարությունը։ Արդեն վեց տարի է ճանաչում եմ նրան։ Նա մշտապես եղել է իմ կողքին, աջակցել է, քաջալերել, որ շարունակեմ սովորել հայերենը՝ հաղթահարելով դժվարությունները։ Երախտապարտ եմ ՀՎՀ-ի ամբողջ թիմին այս հիանալի և շատ կարևոր աշխատանքի համար»,-եզրափակում է Ժյուլիենը։

Հեղինակ` Նաիրա Ադամյան
Facebook     Twitter



Եղե´ք կապի մեջ

ՀՎՀ-ի մասին

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հավատարմագրված հայկական օնլայն կրթություն տրամադրող առաջատար կառույցներից մեկն է, որի նպատակն է հայկական կրթությունը հասանելի դարձնել նորագույն տեխնոլոգիաների միջոցով: 2009թ.-ից գործող ՀՎՀ-ի վիրտուալ լսարանները բաց են բոլոր նրանց համար, ովքեր հնարավորություն չունեն մասնակցելու ավանդական, դեմ-առ-դեմ դասավանդվող հայկական կրթական ծրագրերին` միաժամանակ օժանդակ նյութեր տրամադրելով նաև նրանց, ովքեր օգտվում են վերոնշյալ հնարավորություններից: Թվային գրքերի շարքի մեկնարկը փաստում է ՀՎՀ-ի աշխարհագրության ընդարձակումը նոր և հետաքրքիր ուղղությամբ: