login
Հոդվածներ
ՀՎՀ-ի կրթական ծրագրերի և օնլայն կրթության ոլորտում ունեցած փորձառության պահանջարկը աճում է Հայաստանում 12/15/2017

Շուտով Հայաստանից ավելի շատ մասնակիցներ կմիանան ՀՎՀ կրթական ծրագրերի միջոցով հայերեն սովորող ուսանողների աշխարհասփյուռ համայնքին։

 

2017 թ.դեկտեմբերի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՎՀ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակներում նախատեսվում է հայոց լեզվի դասընթացներ կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների, այդ թվում՝ սիրիահայերի համար, ինչը կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակության մեջ: Տարեկան շուրջ 80 մարդ կմասնակցի հայոց լեզվի դասընթացներին: Դասընթացը հիմնված կլինի հիբրիդ կրթության նորարարական մեթոդի վրա, որը նախատեսում է առկա և հեռավար ուսուցման մեթոդների համակցական կիրառում: «Սա Հայաստանում առաջին հիբրիդ դասարանն է, որ կբացվի փախստականների համար՝ օգտագործելով ՀՎՀ հեռավար դասավանդման փորձը և հնարավորությունները: Հպարտ ենք այս հարցում նախարարության հետ համագործակցության համար»,- ասաց ՀՎՀ հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը:

 

2017 թ. ՀՎՀ հիբրիդ ծրագրի դասընթացներին մասնակցել է 20 հայկական դպրոց տարբեր երկրներից, այդ թվում նաև այն դպրոցները, որոնք վերջերս են միացել ծրագրին` ՀԲԸՄ Փարիզի շաբաթօրյա դպրոցը (Ֆրանսիա), Հայ ավետարանական քոլեջը (Բեյրութ, Լիբանան), ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը (Կանոգա Պարկ, ԱՄՆ), հայոց լեզվի դասընթացները Սբ. Գիրգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում (Նյու Յորք, ԱՄՆ), Համազգային Արշակ և Սոֆի Գոլստըն (Գալստյան) ճեմարանը և «Լույս» հայկական շաբաթօրյա դպրոցը (Սիդնեյ, Ավստրալիա)։ Մի շարք այլ դպրոցներ, ինչպիսիք են Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի հայկական կիրակնօրյա վարժարանը, Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի շաբաթօրյա դպրոցը, ՀԲԸՄ Հասկովոյի և Բուրգասի շաբաթօրյա դպրոցները Բուլղարիայում, քայլեր են ձեռնարկում մոտ ապագայում հայերենի դասընթացները սկսելու համար։

 

Հուշագրի կնքման արարողության ընթացքում ունեցած իր ելույթում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը բարձր գնահատեց ՀՎՀ-ի աշխատանքը հայապահպանության գործում։ «Երբ ասում ենք, որ աշխարհասփյուռ հայությունը պետք է լինի միասնական, երբ սփյուռքի կառուցվածքը և աշխարհագրական բաշխումը արմատապես փոխվում է, միակ լուծումն այն է, որ ստեղծվեն այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորություն կտան Հայաստանից դուրս ապրող հայերին մոտ լինել հայկական կյանքին, կրթությանը և քաղաքակրթությանը»,- ասաց Լևոն Մկրտչյանը։

 

«ՀԲԸՄ-ի առաքելության կարևորագույն ուղղությունները միշտ եղել են կրթությունը, մշակույթը, մարդասիրական և սոցիալ- տնտեսական ծրագրերը: Այս նախաձեռնությունը միավորում է կրթական և մարդասիրական բաղադրիչները, որով մենք կօգնենք սիրիահայ մեր քույրերին և եղբայրներին՝ ավելի հեշտ և արագ ինտեգրվելու իրենց նախնիների հայրենիքում»,- բացման խոսքում նշեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

 

Լևոն Մկրտչյանը կարևորեց հայաստանյան բուհերում օնլայն ուսուցման մեթոդների կիրառումը` որպես ժամանակակից և որակյալ կրթության կարևոր բաղադրիչ։ «Իրականում Հայկական վիրտուալ համալսարանի աշխատանքը մեզ համար փորձնական է, որովհետև այն տեխնիկական լուծումները, մեխանիզմները և ձևերը, որոնք նրանք կիրառում են, կարող ենք հեշտությամբ գործադրել հեռավար կրթության մեր ծրագրերում»,-ասաց նախարարը:

 

Միջոցառման վերջում տեղի ունեցավ վիրտուալ Համընդհանուր Ֆորում, որի ընթացքում ներկաներին ողջունեցին և ՀՎՀ օնլայն կրթական ծրագրերի կիրառման իրենց փորձառությամբ կիսվեցին Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի հայկական համայնքի ղեկավար Նուբար Յաղուբյանը, ՀԲԸՄ Փարիզի շաբաթօրյա դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ Մկրտիչ Բասմաջյանը և ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի ղեկավար Սոնյա Ավագյան-Պետրոսյանը: