ԵՐԵՎԱՆ – ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) շարունակում է կարևոր դեր խաղալ հայկական կրթության զարգացման և տարածման գործում՝ նախաձեռնելով մի շարք միջոցառումներ, որոնք նպաստում են ազգային կրթության մարտահրավերների, ուսուցման նոր ձևաչափերի շուրջ մասնագիտական քննարկումներին և համագործակցությանը:
2025 թվականի փետրվար-մարտ ամիսներին ՀՎՀ-ն կազմակերպեց Մայրենի լեզվի միջազգային օրվան (փետրվարի 21-ին) նվիրված վեբինարների շարք՝ անդրադառնալով սփյուռքում հայերենի պահպանման և դասավանդման կարևորագույն հարցերին:
Վեբինարները կազմակերպվել էին ՀՎՀ-ի «Համահայկական կրթական առցանց աշխատաժողովներ» հարթակի շրջանակներում, որը համախմբում է ավելի քան 1500 հայ մանկավարժների և կրթական ոլորտի ներկայացուցիչների ամբողջ աշխարհից՝ մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության համար:
Վեբինարների թեմաներն էին՝ «Սփյուռքի դպրոցներում կիրառվող ուսումնական նյութերի նոր ձևաչափ», «Ժամանակակից արևմտահայերեն մամուլի լեզուն» և «Հայերենի ուսուցման նոր միտումներ. միջսփյուռքյան դիտարկումներ»:
ՀԲԸՄ փոխնախագահ, ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիմնադիր-նախագահ դոկտ․ Երվանդ Զորյանն իր բացման խոսքում նշեց․ «Մայրենի լեզվի միջազգային օրը մեր աշխարհատարած հայության համար հատուկ նշանակություն ունի, քանի որ մեր լեզուն պահպանելը, զարգացնելը և տարածելը ինչ-որ առումով մեր բոլորիս պարտականությունն է, ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։ Ուրախ եմ, որ Համահայկական կրթական ֆորումը կրկին մեզ միավորել է՝ քննարկելու հայկական կրթության հարցերը և համագործակցության ուղիները»։
Վեբինարները գրավեցին լայն լսարանի ուշադրությունը՝ ներառյալ հայ մանկավարժների տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից Արգենտինա, Եվրոպա, Ռուսաստան և Հայաստան, ինչը վկայում է նման միջոցառումների համահայկական կարևորության մասին: Հրավիրված բանախոսների ելույթներին հաջորդեցին հետաքրքիր և արդյունավետ քննարկումներ՝ սփյուռքի դպրոցներում հայերենի և հայրենագիտության դասավանդման հետ կապված մարտահրավերների և լուծումների շուրջ:
Դիտեք վեբինարների տեսագրությունները․
1. «Սփյուռքի դպրոցներում կիրառվող ուսումնական նյութերի նոր ձևաչափ»: Բանախոս՝ մ.գ.թ., դոցենտ Աստղիկ Բալայան:
2. «Ժամանակակից արևմտահայերեն մամուլի լեզուն»: Բանախոս՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի արևմտահայերենի դասախոս, ԳԱԱ Լեզվի ինստիտուտի Արևմտահայերենի բաժնի գիտաշխատող Ավետիս Ափոշյան:
3. «Հայերենի ուսուցման նոր միտումներ. միջսփյուռքյան դիտարկումներ»: Բանախոս՝ բ.գ.թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար, Լեզվաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մերի Սարգսյան:
«Համահայկական կրթական առցանց աշխատաժողովներ» հարթակը գործարկվեց 2020 թվականին, երբ ՀՎՀ-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) համատեղ ջանքերով առաջին անգամ առցանց կազմակերպվեց Համահայկական կրթական խորհրդաժողովը։
Հաջորդող տարիներին ՀԲԸՄ ՀՎՀ-ն ԿԳՄՍ նախարարության, ԳԱԱ Լեզվի ինստիտուտի և ոլորտի առաջատար մասնագետների ու կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպեց բազմաթիվ վեբինարներ և քննարկումներ՝ նվիրված ամբողջ աշխարհում հայերենի տարածման և պահպանման, հայկական կրթության զարգացման խնդիրներին:
Դիտեք «Համահայկական կրթական առցանց աշխատաժողովներ» հարթակի մասին պատմող տեսանյութը:
«Համահայկական կրթական առցանց աշխատաժողովներ» հարթակին կարելի է միանալ այս հղումով:
ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի մասին
ՀԲԸՄ hայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ 2009 թվականին հիմնադրված էլեկտրոնային ուսուցման առաջատար հայագիտական հաստատություն է, որը նպաստում է հայ ինքնության պահպանմանն ու զարգացմանը նոր կրթական տեխնոլոգիաների միջոցով: ՀՎՀ-ի մուլտիմեդիա առցանց դասընթացները, հավատարմագրված կրթական ծրագրերը, ինտերակտիվ էլեկտրոնային գրքերը և վիրտուալ միջոցառումներըբաց են բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հայկական ժառանգությամբ, ում հասանելի չեն հայկական ավանդական դեմառդեմ կրթական ծրագրերը, միաժամանակ հարստացնելով առկա ուսումնական ծրագիրը։ ՀՎՀ-ն ստեղծել է վիրտուալ կրթական համայնք, որը խթանում է մշակութային կրթությունը և սոցիալական կապերն ամբողջ աշխարհում:
ՀԲԸՄ ՀՎՀ-ի գործունեության և ծրագրերի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել՝ www.avc-agbu.org։