login
Basın odası
ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի «Առցանց կրթահարթակ» ծրագիրն ամփոփեց իր 5-րդ տարին 03/03/2025

ԵՐԵՎԱՆ – ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) «Առցանց կրթահարթակ» ծրագիրը նշում է իր գործունեության 5-ամյակը: Ծրագրի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել  հայկական պատմամշակութային ժառանգության արժեքներին՝  առցանց  ուսուցման և հաղորդակցման վիրտուալ հարթակի միջոցով:


Ծրագրի հինգերորդ տարեդարձի կապակցությամբ մարտի 2-ին տեղի ունեցավ «Ազգային տոների զարմանահրաշ աշխարհը Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում» խորագրով վեբինար, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան հայկական ավանդական տոներին՝ Սուրբ Սարգսին, Տրնդեզին և Բարեկենդանին: Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանի տնօրեն, ասմունքող Գայանե Սամվելյանը պատմեց այդ տոների ծագման, ավանդույթների և ժամանակակից տոնակատարությունների մասին։


«ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ» ծրագիրը մեկնարկեց 2020թ. մարտին՝ ի արձագանք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առցանց կրթության հնարավորություններն ընդլայնելու առաջարկին` կորոնավիրուսի կանխարգելման համալիր միջոցառումների շրջանակում:  Այն գործարկվեց Հայկական վիրտուալ համալսարանի կայքում յոթ լեզվով՝ շուրջ 1500 մասնակցի ամբողջ աշխարհից հնարավորություն տալով բացահայտել հայկական պատմամշակութային ժառանգությունը, մասնակցել քննարկումների, ծանոթանալ և հաղորդակցվել միմյանց հետ:


«Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՎՀ-ի կրթահարթակը հնարավորություն տվեց մեր դասընթացները, ինչպես նաև պատմամշակութային մուլտիմեդիա բովանդակությունը հասանելի դարձնել ոչ միայն մեր ուսանողներին, այլև լայն հանրությանը: Մենք կարողացանք ազգային հարուստ ժառանգությունը առցանց հասցնել աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց, ովքեր հետաքրքրված են հայոց պատմությամբ, մշակույթով և լեզվով: Սա ոչ միայն ՀՎՀ-ի, այլև Հայկական բարեգործական ընդհանուր միության կարևոր առաքելությունն է՝ կրթական և մշակութային ծրագրերի միջոցով պահպանել և տարածել հայկական ինքնությունն ու ժառանգությունը»,- նշեց ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ, ՀԲԸՄ փոխնախագահ դր. Երվանդ Զորյանը:


ՀՎՀ-ի  կրթահարթակում ներկայացված է շուրջ 40 թեմա՝ հայոց լեզու, պատմություն, ճարտարապետություն, երաժշտություն, կրոն, խոհանոց, շախմատ և շատ ավելին։ Մուլտիմեդիա նյութերը մեծամասամբ առանձնացված են ՀՎՀ-ի ինտերակտիվ էլ. գրքերից, առցանց դասընթացներից, ինչպես նաև թանգարաններով և պատմամշակութային վայրերով  ՀՎՀ-ի վիրտուալ շրջայցերի տեսանյութերից: 


Ծրագրի շրջանակում կազմակերպվում են վեբինարներ, որոնց ընթացքում հյուր-բանախոսները ներկայացնում են տարբեր թեմաներ հայկական մշակույթի, պատմության, ավանդույթների, տոների մասին։ 
ՀՎՀ-ի  կրթահարթակն անվճար ծրագիր է, որը հասանելի է յոթ լեզուներով` արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և թուրքերեն: 


ՀՎՀ-ի կրթահարթակ կարելի է մուտք գործել գրանցվելով https://www.avc-agbu.org/edu/AVC-Learning-Zone/index-ehy.html էջում:

Դիտեք «ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ» ծրագրի տեսահոլովակը՝ https://www.youtube.com/watch?v=nTl8cS8RSLg :

Դիտեք «Ազգային տոների զարմանահրաշ աշխարհը Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում» վեբինարի տեսագրությունը՝ https://www.youtube.com/watch?v=H_rYQO1YwDI :

 

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի մասին

ՀԲԸՄ hայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) 2009 թվականին հիմնադրված էլեկտրոնային ուսուցման առաջատար հայագիտական հաստատություն է, որը նպաստում է հայ ինքնության պահպանմանն ու զարգացմանը նոր կրթական տեխնոլոգիաների միջոցով: ՀՎՀ-ի մուլտիմեդիա առցանց դասընթացները, հավատարմագրված կրթական ծրագրերը, ինտերակտիվ էլեկտրոնային գրքերը և վիրտուալ միջոցառումներըբաց են բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հայկական ժառանգությամբ, ում հասանելի չեն հայկական ավանդական դեմառդեմ կրթական ծրագրերը, միաժամանակ հարստացնելով առկա ուսումնական ծրագիրը։ ՀՎՀ-ն ստեղծել է վիրտուալ կրթական համայնք, որը խթանում է մշակութային կրթությունը և սոցիալական կապերն ամբողջ աշխարհում:


ՀԲԸՄ ՀՎՀ-ի գործունեության և ծրագրերի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել՝ www.avc-agbu.org։