login
Comunicado de imprensa
«Արհեստական բանականություն» դասընթացի առաջին փուլը հաջողությամբ ներդրվեց Արցախի ավագ դպրոցի աշակերտների համար 11/03/2022

ԵՐԵՎԱՆ - Ս.թ․ հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ «Արհեստական բանականություն» դասընթացի առաջին փուլի ավարտական առցանց միջոցառումը։ 


«Արհեստական բանականություն» դասընթացը նախաձեռնվել է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի կողմից՝ ի նպաստ Հայաստանում և Արցախում STEM (գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի) կրթության զարգացման։ Այն բաղկացած է տեսադասերից, ունի հարուստ մուլտիմեդիա բովանդակություն՝ հագեցած էլեկտրոնային ուսուցման արդիական լուծումներով։


Դասընթացը ստեղծվել է «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության» (ՏՀՏ ԳՄ) կողմից՝ Սինոփսիս ընկերության հիմնադրամի աջակցությամբ։ Դասընթացի բովանդակությունը մշակվել է Սինոփսիս Արմենիայի կրթական դեպարտամենտի կողմից, իսկ փորձագիտական գնահատումն իրականացրել են ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի արհեստական բանակության ոլորտի առաջատար փորձագետները։ Տեսադասերը ներդրվել են և ուսուցումը կազմակերպվել է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀԲԸՄ ՀՎՀ) կրթական էլեկտրոնային հարթակում: 


Առցանց միջոցառման ընթացքում ամփոփվեցին ս.թ. ապրիլ-հուլիս ամիսներին իրականացված պիլոտային ծրագրի արդյունքները։ 


Կարևորելով արհեստական բանականության նշանակությունը արդի ժամանակաշրջանում՝ Սինոփսիս Արմենիայի նախագահ, ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ դր․ Երվանդ Զօրեանն իր բացման խոսքում նշեց. «Այսօր կարևոր է ոչ միայն արհեստական բանականության օգտագործող, այլև ստեղծող լինել, ինչի համար կրթություն է անհրաժեշտ: Մեր միտումը՝ վաղ տարիքից,  ավագ դպրոցից սկսելն է»: Դր.  Զօրեանը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկեր կազմակերպություններին և Արցախի Հանրապետության կառավարությանը, ում համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ կյանքի կոչել այս ծրագիրը: «Մեր նպատակը Հայաստանի և Արցախի ամեն անկյուն, ամեն շրջան հասնելն է»,- ասաց նա: 


Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն ասաց. «ՀՎՀ-ի միջոցով առցանց կրթության ձևաչափը մեզ համար հնարավորություն է՝ շրջանցելու մեր սահմանափակումները և մեկուսացված միջավայրը, և հասկանալու, որ համացանցի միջոցով հնարավոր է համայն հայության ներուժը օգտագործել Արցախի կրթական զարգացման համար»: Դիմելով երիտասարդներին՝ նա ասաց. «Այս ծրագիրը շատ կարևոր հիմք է ձեզ համար ապագա  մասնագիտություն ընտրելու հարցում և հայրենիքին ձեր նպաստը բերելու առումով»։ 


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը նշեց. «Պատրաստ ենք աջակցել ցանկացած նախաձեռնությունների, որոնք կնպաստեն դպրոցներում կրթության զարցագմանը, որակի բարելավմանը, նոր հմտություններ ու գիտելիքներ կփոխանցեն մեր երեխաներին»: 


«Մի քանի տարի անց մեր երեխաները կաշխատեն այնպիսի մասնագիտություններով, որոնք այսօր գոյություն չունեն: Մեր բոլորիս պարտքն է այս երեխաներին պատրաստել վաղվա օրվան», - ասաց Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը: 


ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն իր ողջույնի խոսքում շեշտեց, որ այս ծրագիրը տարբեր ընկերությունների, կազմակերպությունների և կառավարության արգասաբեր համագործակցության օրինակ է:


Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը նշեց, որ այսպիսի դասընթացներ դպրոցականների համար շատ քիչ կան, և իրենց կողմից մշակված դասընթացը յուրօրինակ է, քանի որ հատուկ ստեղծվել է դպրոցականների համար: Նա հավելեց, որ երկրորդ մակարդակի դասերն արդեն պատրաստ են, և թիմն աշխատում է վերջին՝ երրորդ մակարդակի վրա: 


Առցանց միջոցառման ընթացքում դասընթացի առաջին փուլը հաջողությամբ ավարտած 12աշակերտները ստացան ավարտական վկայականներ։ Նրանք կիսվեցին իրենցտպավորություններով և նշեցին, որ հիբրիդային՝ առցանց և առկա, ուսուցման շնորհիվ կարողացան միասին աշխատել և գտնել բարդ խնդիրների լուծումները: «Ուրախ եմ, որհաղթահարել ենք այս փուլը և հուսով եմ, որ կկարողանաք շարունակել 2-րդ փուլում»,- ասաց Յանա Հարությունյանը։


Մասնակիցներին ուղերձով դիմեցին նաև ՀՀ նախագահի խորհրդական, ԱՀ պետնախարարի   խորհրդական, «ռեԱրմենիա»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Հակոբյանը, «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանը և Սինոփսիս Արմենիա ընկերության Հանրության հետ կապերի ղեկավար Գայանե Մարկոսյանը։ 


Դասընթացի մասին տեսանյութը դիտել այստեղ։
Առցանց միջոցառման տեսագրությունը դիտել այստեղ։