login
Comunicado de imprensa
STEP.ai (Science & Technology Education Program.ai) գիտության և տեխնոլոգիայի կրթական ծրագրի փոխըմբռնման հուշագրի ստորագրում և ծրագրի մասնակիցների ավարտական միջոցառում-նախագծերի ցուցադրություն 10/09/2024

2024 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Սինոփսիս Արմենիա ընկերության շքասրահում տեղի ունեցավ փոխըմբռնման հուշագրի ստորագրում՝ Հայաստանի հանրակրթական ուսումնական և միջին մասնագիտական հաստատություններում STEP.ai գիտության և տեխնոլոգիայի կրթական ծրագրի ներդրման վերաբերյալ։


Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, ՏՀՏԳ միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։ 


Միջոցառումը կազմակերպվել էր STEP.ai կրթական ծրագրի շրջանակներում` ներկայացնելու ձեռքբերումները և Հայաստանի տեխնոլոգիական նորարարությունների զարգացման հաջորդ քայլերը` միտված կրթելու և նպաստելու ԱԲ ոլորտի ապագա մասնագետների և նորարարների սերնդի ձևավորմանը: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ STEP.ai արհեստական բանականություն ծրագրի առաջին դասընթացը հաջողությամբ ավարտած ավագ դպրոցների աշակերտների ավարտական նախագծերի ցուցադրություն և վկայականների հանձնման արարողություն։


Միջոցառմանը ներկա էին՝

● Ժաննա Անդրեասյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, 

● Մխիթար Հայրապետյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, 

● Դոկտոր Երվանդ Զորյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, «Սինոփսիս» (Synopsys) ընկերության գլխավոր ճարտարապետ, Սինոփսիս Արմենիայի նախագահ, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ,  

● Դոկտոր Հովիկ Մուսայելյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության  տնօրեն, 

●  Էդուարդ Մուսայելյանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն, 

● Պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը, Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն, 

ինչպես նաև Սինոփսիս ընկերության ներկայացուցիչներ, տեխնոլոգիական ոլորտի նշանավոր փորձագետներ, ավագ դպրոցների աշակերտները, ուսուցիչները, տնօրենները, աշակերտների ծնողները։ 


Դոկտոր Երվանդ Զորյանը, ողջունելով ներկաներին կարևորեց ԳՏՃՄ ոլորտում ուսումնական նման նախագծերի իրականացման անհրաժեշտությունը և այդ ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև ներկայացրեց ծրագրի ստեղծման գաղափարը։ Նա նաև նշեց․ «Լինելով արագ զարգացող աշխարհի մի մասը՝ մենք պետք է կիրառենք արհեստական բանականության կողմից տրված հնարավորությունները, սակայն անհրաժեշտ է, որ մենք ոչ միայն սպառենք այն, այլ նաև լինենք դրա ստեղծողը»։ 


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով փորձնական նման ծրագրերի ներդրումը հնարավորություն է տալիս հասկանալ թե ինչ քայլեր ու փոփոխություններ են անհրաժեշտ նման ծրագրերի ամբողջական ներդրման համար։ «Շատ կարևոր է, որ մենք ծրագրերն իրականացնում ենք մասնավոր ոլորտի ակտիվ նախաձեռնողականությամբ, և սա համարում եմ ամենաճիշտ ճանապարհը, որովհետև տեխնոլոգիական զարգացումն ու առաջընթացը դպրոցներում, կրթական համակարգում բերում է որոշակի հմտությունների ու կարողունակությունների պահանջի»,-ասաց Անդրեասյանը։


Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ասաց․ «Վստահ եմ, որ ԱԲ-ի այս նոր սերունդը գալիս է վերափոխելու ամբողջ տնտեսությունը և նպաստելու է մեր երկրի թվային փոխակերպման քաղաքականության արդյունավետ իրականացմանը»: Նա նաև հավելեց, որ շատ չեն այն երկրները, որտեղ հանրակրթական մակարդակում ԱԲ բովանդակությամբ մի քանի ծրագիր է գործում: «Սա թույլ է տալիս Հայաստանն իրապես դիրքավորել որպես մի երկիր, որտեղ տեխնոլոգիական զարգացման նկատմամբ պահպանողական մոտեցումները փոխարինվել են նորարարական, համարձակ և ճկուն մոտեցումներով։ Step.ai-ը՝ նորարության, մասնավոր և ինդուստրիալ հատվածի, համատեղ աշխատելու  և գեղեցիկ համագործակցության մասին է»,- ընդգծեց նախարարը:
Սինոփսիս ընկերության Բնապահպանական, սոցիալական և կառավարման գծով ավագ տնօրեն Էրին Հուզմանը ողջունելով ներկաներին՝ նշեց․ «Ուրախ եմ գտնվել այստեղ և տեսնել, որ Սինոփսիս հիմնադրամը նման հրաշալի ծրագրերի շրջանակներում իր ներդրումն ունի։ Ակնհայտ է, որ տեխնոլոգիական կրթության ոլորտում ևս մեր համագործակցությունն այսքան մեծ զարգացում է ապրում»։ 


STEP.ai ծրագիրը մեկնարկել է 2022թ.-ին Հայաստանի և Արցախի  մի շարք դպրոցներում՝ ավագ դպրոցների աշակերտների համար: 2023-2024 թթ. ուսումնական տարվա ընթացքում  ծրագրին մասնակցել են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Երևանի N112 ավագ դպրոցի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի և Երևանի պետական համալսարանի ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները, ինչպես նաև Սինոփսիսի Գյումրու մասնաճյուղի և Արցախի բռնի տեղահանումից հետո Հայաստանում հաստատված ՄՈՒՆՔ տեխնոդպրոցի երիտասարդ սաները: Նրանցից 64-ը հաջողությամբ ավարտել են ծրագրի առաջին դասընթացը։


STEP.ai ծրագիրը նախաձեռնվել, մշակվել և իրականացվել է Սինոփսիս հիմնադրամի, ՀԲԸՄ Սիլիկոնային հովտի մասնաճյուղի, «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության» (UEICT), Սինոփսիս Արմենիայի կրթական դեպարտամենտի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համատեղ ջանքերով: ԱԲ ծրագիրը բաղկացած է 3 դասընթացից, իսկ մուլտիմեդիա բովանդակությամբ տեսադասերը հագեցած են հեռավար ուսուցման արդիական լուծումներով։


Ուսուցումն իրականացվում է ՀԲԸՄ ՀՎՀ-ի ԱԲ մասնագետների կողմից հիբրիդ եղանակով, որը համատեղում է առցանց և առկա ուսուցումը՝ դպրոցի ուսուցչի և հեռավար դասախոսի աջակցությամբ:
ԱԲ դասընթացի մասին տեսանյութը դիտել այստեղ։


ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի մասին


ՀԲԸՄ hայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ)2009 թվականին հիմնադրված էլեկտրոնային ուսուցման առաջատար հայագիտական հաստատություն է, որը նպաստում է հայ ինքնության պահպանմանն ու զարգացմանը նոր կրթական տեխնոլոգիաների միջոցով: ՀՎՀ-ի մուլտիմեդիա առցանց դասընթացները, հավատարմագրված կրթական ծրագրերը, ինտերակտիվ էլեկտրոնային գրքերը և վիրտուալ միջոցառումներըբաց են բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հայկական ժառանգությամբ, ում հասանելի չեն հայկական ավանդական դեմառդեմ կրթական ծրագրերը, միաժամանակ հարստացնելով առկա ուսումնական ծրագիրը։ ՀՎՀ-ն ստեղծել է վիրտուալ կրթական համայնք, որը խթանում է մշակութային կրթությունը և սոցիալական կապերն ամբողջ աշխարհում:
ՀԲԸՄ ՀՎՀ-ի գործունեության և ծրագրերի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել՝ www.avc-agbu.org։