login
Հոդվածներ
ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանի ուղևորությունը դեպի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի 05/09/2013
ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանը զգալիորեն ընդլայնել և հարստացրել է իր ծրագիրը տարբեր կրթական, ժամանցային, սոցիալ-մշակութային միջոցառումներով: ՀՎՀ-ի շրջանակներում տեղի ունեցած վերջին իրադարձություններից մեկն էլ 2013 թվականի մայիսին ՀՎՀ-ի ուղևորությունն էր Թբիլիսի, որի ընթացքում ՀՎՀ-ի օնլայն ուսուցիչները ոչ միայն այցելեցին հայկական մշակութային կենտրոնները, այլ նաև պատրաստեցին վիրտուալ այցելության տեսանյութ` հետագայում այն ՀՎՀ-ի ուսանողներին ներկայացնելու համար: 2013 թվականի մայիսի 10-ին ՀՎՀ-ի ուսուցիչները այցելեցին Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Վիրահայոց թեմի <<Հայարտուն>> կրթամշակութային երիտասարդական կենտրոն: <<Հայարտուն>> կենտրոնը նշանակալի դեր ունի հայ-վրացական համայնքի համար, որի անդամները ակտիվ գործունեություն են ծավալում` միաժամանակ հավատարիմ մնալով հայոց լեզվին և իրենց ազգային արժեքներին: Եվ պատահական չէ, որ <<Հայարտուն>>-ը ակտիվորեն ներգրավված է եղել Թբիլիսիում ՀՎՀ հիբրիդ ծրագրի կազմակերպման և իրականացման գործում: Տիկին Եվգենյա Մարկոսյանը, ով նախադպրոցական կրթության համակարգող և ՀՎՀ հիբրիդ ծրագրի ուսուցիչ է Թբիլիսիում, իր մտքերը կիսեց <<Հայարտուն>> կենտրոնում ՀՎՀ-ի ունեցած դերի և ծավալած գործունեության, ինչպես նաև կրթական գործընթացի և ձեռքբերումների մասին` նշելով, որ Վրաստանի հայերը այսօր հիմնականում խոսում են ռուսերեն և վրացերեն լեզուներով, և ՀՎՀ հիբրիդ ծրագրի բացումը Թբիլիսիում մեծ խանդավառությամբ ընդունվեց վերջիններս կողմից: Նա նաև խոսեց <<Հայարտուն>> կենտրոնի և ՀՎՀ-ի հետագա համագործակցության մասին: <<Մենք հույս ունենք, որ շուտով կունենանք նոր և ավելի հարմարավետ դասասենյակներ Հովհաննես Թումանյանի թանգարանում և կշարունակենք Թբիլիսիում ՀՎՀ հիբրիդ ծրագրի արդեն իսկ ձևավորված գեղեցիկ ավանդույթը>>,-հավելեց նա: Մշակութային կենտրոնի ներկայացուցիչները, <<Հայարտուն>>-ի տնօրեն Լևոն Չիդիլյանը, ինչպես նաև ՀՎՀ-ի մի շարք ուսանողներ ողջունեցին ՀՎՀ-ի անձնակազմին և իրենց երախտագիտության խոսքը հղեցին ՀՎՀ-ին: Ուսանողներից մեկը` Անգելա Սարգսյանը, իր խոսքով հանդես եկավ. <<Մենք շատ երախտապարտ ենք ՀՎՀ-ին, որ մեզ օգնում է վերականգնել, պահպանել և զարգացնել հայկական ինքնությունը` հարստացնելով հայոց լեզվի, պատմության և մշակույթի բնագավառում ունեցած մեր գիտելիքները: Սա շատ կարևոր փաստ է, քանզի այստեղ շատ հայեր այլևս հայերեն չեն խոսում>>: ՀՎՀ-ի թիմը իր ուղևորությունը շարունակեց` այցելելով մի շարք հայկական եկեղեցիներ և այլ մշակութային կենտրոններ, այդ թվում` հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն, ինչպես նաև Հավլաբարի հյուսիս-արևելյան մասում գտնվող ճարտարապետական համալիրը: Երեկոյան ՀՎՀ-ի թիմը մասնակցեց մայիսյան տոներին` Շուշիի ազատագրմանը և Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին նվիրված տոնակատարությանը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի արվեստի սրահում: ՀՎՀ-ի առաքելությունը աշխարհի ցանկացած անկյունում հայկական կրթությունը յուրաքանչյուրին հասանելի դարձնելն է ինչպես զուտ օնլայն ուսուցման, այնպես էլ խառը` հիբրիդ ծրագրի միջոցով: