Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ)՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հեռավար կրթության առաջին հարթակը, նշում է հիմնադրման 15-ամյակը: Վիրտուալ առաջին դասարանները ստեղծվել են 2009 թ. հունիսի 14-ին։ Նրանցում ուսանել են շուրջ 150 ուսանողներ: Ուսումնական առաջին շրջանում հայոց լեզվի և պատմության բաժիններում անցկացվում էին երեք դասընթացներ՝ դասավանդման 6 լեզուներով:
15 տարիների ընթացքում ՀԲԸՄ ՀՎՀ-ն ընդլայնել է իր հեռավար ուսուցման շրջանակը՝ հավատարիմ մնալով ուսանողներին հայերեն կրթությամբ ապահովելու իր առաքելությանը՝ անկախ տարիքից, բնակության երկրից կամ գիտելիքների մակարդակից:
Ե՞րբ և ինչպե՞ս է սկսել իր գործունեությունը ՀԲԸՄ ՀՎՀ-ն:
2004 թվականին ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ դոկտ. Երվանդ Զորյանը որոշում է իրագործել այս գաղափարը՝ արժևորելով կրթական այնպիսի ծրագրի անհրաժեշտությունը, որի միջոցով Սփյուռքի և հայրենիքի հայությունը, ինչպես նաև այն մարդիկ, որոնք պարզապես հետաքրքրված են հայերենով, հայոց պատմությամբ և մշակույթով, կկարողանան հեռավար կրթություն ստանալ։
Հինգ տարիների ընթացքում գաղափարը կյանքի է կոչվում: Եվս 15 տարի անց ստեղծվում է վիրտուալ կրթության համաշխարհային հարթակ նրանց համար, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ հայագիտության ոլորտում:
Մինչ օրս ՀԲԸՄ ՀՎՀ-ում կրթություն ստացել են ավելի քան 43․000 ուսանողներ՝ 135 երկրներից: Ամեն տարի հազարավոր ուսանողներ գրանցվում են մեկ կամ մի քանի դասընթացների՝ դասավանդման 8 լեզուներով և ուսուցման տարբեր մակարդակներով:
ՀԲԸՄ ՀՎՀ ծրագրերը ժամանակի ընթացքում զգալիորեն ավելացել են՝ ներառելով նոր դասընթացներ և նախագծեր: Երկու տասնամյակների ընթացքում ՀՎՀ-ն դարձել է ոչ միայն կրթական հարթակ, այլ նաև մշակութային միջոցառումների, վիրտուալ համայնքների և հատուկ ծրագրերի համար նախատեսված հարթակ:
ՀԲԸՄ ՀՎՀ հիբրիդ կրթական ծրագրին այժմ միացել են 67 դպրոցներ, համալսարաններ և համայնքային խմբեր, որոնք ՀՎՀ դասընթացները կիրառում են իրենց ուսումնական ծրագրերում:
Ավելի քան 38․000 օգտատերեր ընթերցում և ուսումնասիրում են մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերը, որոնց թեմաները Հայաստանի, նրա պատմության, աշխարհագրության, մշակույթի և զբոսաշրջության մասին են:
ՀԲԸՄ ՀՎՀ-ի անցած 15 տարիների կարճ ամփոփումը կարող եք դիտել այստեղ.
ՀԲԸՄ ՀՎՀ-ն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր գործընկերներին, աջակիցներին և հեռավար ուսանողերի համաշխարհային մեծ ընտանիքին:
Արդեն 15 տարի է, ինչ հայերեն կրթությունը հասանելի է բոլորին: