login
Հոդվածներ
Տոնելով հայկական ժառանգությունը․ ՀԲԸՄ ՀՎՀ փետրվարյան միջոցառումները՝ նվիրված Առնո Բաբաջանյանին և մայրենի լեզվի միջազգային օրվան 03/29/2026

Փետրվարին ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանում կազմակերպվեցին բազմաթիվ միջոցառումներ: Բացի կրթական ծրագրերից ՀՎՀ-ն ունի այնպիսի հատուկ հարթակներ, որտեղ մարդիկ կարող են համախմբվել հայագիտական տարբեր թեմաների շուրջ։ Հավատարիմ մնալով իր հիմնական առաքելությանը՝ ՀԲԸՄ ՀՎՀ-ն ձգտում է պահպանել հայկական ինքնությունը և խթանել հետաքրքրությունը հայոց լեզվի, մշակույթի և պատմության հանդեպ։

 

Փետրվարին ՀՎՀ-ն տոնեց մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ժառանգությունը և մայրենի լեզվի միջազգային օրը՝ կազմակերպելով հատուկ միջոցառումներ:

 

Առնո Բաբաջանյանին նվիրված վեբինար

 

Փետրվարի 28-ին ՀԲԸՄ ՀՎՀ-ն կազմակերպեց հատուկ վեբինար՝ «Առնո Բաբաջանյանի 105-ամյակը. հայկական շունչը երաժշտության, ժամանակի և հիշողության մեջ» խորագրով:


Վեբինարը նվիրված էր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին։ Վեբինարի հատուկ հյուրն էր նշանավոր ջութակահար, գիտնական և մանկավարժ դոկտ. Նունե Մելիքյանը, որը հեղինակել է «Առնո Բաբաջանյան. Խորհրդային շրջանի հայկական ռիթմը» առաջին անգլալեզու գիրքը։ 


Բանախոսը ներկայացրեց պատմություններ և հետաքրքիր դրվագներ կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական ուղու մասին՝ օգնելով մասնակիցներին խորությամբ վերապրել կոմպոզիտորի ժառանգությունը: Վեբինարի ավարտին տեղի ունեցավ նաև ակտիվ քննարկում և բովանդակալից մտքերի փոխանակում աշխարհի տարբեր երկրներից միացած մասնակիցների միջև։

 

Վեբինարի տեսագրությունը կարող եք դիտել այստեղ։
 

ՀՎՀ առցանց կրթահարթակում ներառված են մուլտիմեդիա բազմաթիվ նյութեր և տեսագրություններ։ Բացի վեբինարի տեսագրությունից, այստեղ հասանելի են նաև Բաբաջանյանի դիլիջանյան տան վիրտուալ շրջայցը և թեմային առնչվող այլ նյութեր։

 

Մուտք գործե՛ք ՀՎՀ առցանց կրթահարթակ այստեղ։
 

Մայրենի լեզվի միջազգային օր

Փետրվարի 21-ին՝ մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով, ՀԲԸՄ ՀՎՀ-ն պատրաստեց տեսանյութ՝ ներգրավվելով ՀՎՀ թիմի անդամներին։ Նրանց առաջարկվեց պատասխանել հայոց լեզվին առնչվող մի քանի հարցերի.

 

  1. 1. Գրել մայրենի լեզվով ամենակարևոր բառը։
  2. 2. Գրել մայրենի լեզվով ամենագեղեցիկ բառը։
  3. 3. Ո՞ր բառն է քեզ կապում քո արմատներին։

 

Պատասխանները անմիջական էին և հուզիչ: Այս պարզ, բայց յուրահատուկ նախաձեռնության միջոցով ՀԲԸՄ ՀՎՀ-ն արժևորեց մայրենի լեզվի պահպանման կարևորությունը և հայկական կրթության անհրաժեշտությունը:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
 

ՀՎՀ-ի նախաձեռնությունները բաց չթողնելու համար կարող եք հետևել ՀԲԸՄ ՀՎՀ-ին՝ սոցիալական հարթակներում։