ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) «Առցանց կրթահարթակ» ծրագիրը նշում է իր գործունեության 5-ամյակը: Ծրագրի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել հայկական պատմամշակութային ժառանգության արժեքներին՝ առցանց ուսուցման և հաղորդակցման վիրտուալ հարթակի միջոցով:
Ծրագրի հինգերորդ տարեդարձի կապակցությամբ մարտի 2-ին տեղի ունեցավ «Ազգային տոների զարմանահրաշ աշխարհը Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում» խորագրով վեբինար, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան հայկական ավանդական տոներին՝ Սուրբ Սարգսին, Տրնդեզին և Բարեկենդանին: Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանի տնօրեն, ասմունքող Գայանե Սամվելյանը պատմեց այդ տոների ծագման, ավանդույթների և ժամանակակից տոնակատարությունների մասին։
«ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ» ծրագիրը մեկնարկեց 2020թ. մարտին՝ ի արձագանք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առցանց կրթության հնարավորություններն ընդլայնելու առաջարկին` կորոնավիրուսի կանխարգելման համալիր միջոցառումների շրջանակում: Այն գործարկվեց Հայկական վիրտուալ համալսարանի կայքում յոթ լեզվով՝ շուրջ 1500 մասնակցի ամբողջ աշխարհից հնարավորություն տալով բացահայտել հայկական պատմամշակութային ժառանգությունը, մասնակցել քննարկումների, ծանոթանալ և հաղորդակցվել միմյանց հետ:
«Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՎՀ-ի կրթահարթակը հնարավորություն տվեց մեր դասընթացները, ինչպես նաև պատմամշակութային մուլտիմեդիա բովանդակությունը հասանելի դարձնել ոչ միայն մեր ուսանողներին, այլև լայն հանրությանը: Մենք կարողացանք ազգային հարուստ ժառանգությունը առցանց հասցնել աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց, ովքեր հետաքրքրված են հայոց պատմությամբ, մշակույթով և լեզվով: Սա ոչ միայն ՀՎՀ-ի, այլև Հայկական բարեգործական ընդհանուր միության կարևոր առաքելությունն է՝ կրթական և մշակութային ծրագրերի միջոցով պահպանել և տարածել հայկական ինքնությունն ու ժառանգությունը»,- նշեց ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ, ՀԲԸՄ փոխնախագահ դր. Երվանդ Զորյանը:
ՀՎՀ-ի կրթահարթակում ներկայացված է շուրջ 40 թեմա՝ հայոց լեզու, պատմություն, ճարտարապետություն, երաժշտություն, կրոն, խոհանոց, շախմատ և շատ ավելին։ Մուլտիմեդիա նյութերը մեծամասամբ առանձնացված են ՀՎՀ-ի ինտերակտիվ էլ. գրքերից, առցանց դասընթացներից, ինչպես նաև թանգարաններով և պատմամշակութային վայրերով ՀՎՀ-ի վիրտուալ շրջայցերի տեսանյութերից:
Ծրագրի շրջանակում կազմակերպվում են վեբինարներ, որոնց ընթացքում հյուր-բանախոսները ներկայացնում են տարբեր թեմաներ հայկական մշակույթի, պատմության, ավանդույթների, տոների մասին։
ՀՎՀ-ի կրթահարթակն անվճար ծրագիր է, որը հասանելի է յոթ լեզուներով` արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և թուրքերեն:
ՀՎՀ-ի կրթահարթակ կարելի է մուտք գործել գրանցվելով այս էջում:
Դիտեք «ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ» ծրագրի տեսահոլովակը։
Դիտեք «Ազգային տոների զարմանահրաշ աշխարհը Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում» վեբինարի տեսագրությունը։