ՀՎՀ-ի ծրագրերը ներկայացվեցին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի հայկական համայնքին
03/20/2015
2015թ. մարտի 20-ին ՀՎՀ հիմնադիր և նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը այցելեց Դուբլին, որտեղ հանդիպում ունեցավ տեղի հայկական համայնքի հետ: Համայնքի ղեկավարները կազմակերպեցին հանրային միջոցառում, որի ընթացքում դոկտոր Զորյանը ներկայացրեց ՀՎՀ-ի գործունեությունը, նպատակները, գաղափարը և առաքելությունը, որն օգնեց կյանքի կոչել և զարգացնել հայագիտական միակ օնլայն կրթական հաստատությունը:
Դուբլինի հայերը տեղեկացան, թե ինչ կրթական ծրագրեր են գործում ՀՎՀ-ում ինչպես անհատների, այնպես էլ դպրոցների ու խմբերի համար` ընդգրկելով հայոց լեզվի, պատմության և մշակույթի օնլայն դասընթացները, էլ. գրքերը, վեբինարները, վիրտուալ տուրերը և սոցիալ-մշակութային միջոցառումները:
Ներկաները ոգևորված էին ՀՎՀ ձեռքբերումներով: «Ելույթը բավական հետաքրքիր էր: Բոլորս հիացած ենք ՀՎՀ գործունեությամբ», - ասաց դոկտոր Փոլ Մանուկը` Իռլանդիայի հայկական եկեղեցական խորհրդի ղեկավարը:
Համայնքի ղեկավարները ցանկություն հայտնեցին հիբրիդ դասընթացներ կազմակերպել համայնքի անդամների համար: Դոկտոր Արամ Հախումյանը նշանակվեց ՀՎՀ դեսպան, ով կհամակարգի այս ծրագրի իրականացման աշխատանքները: