Ամման, Հորդանան` մի նոր կետ ՀՎՀ-ի ընդարձակ քարտեզի վրա
12/17/2015
2015 թվականի դեկտեմբերի 17-ին Ամմանի հայկական համայնքը հյուրընկալեց ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանին, ով հանդես եկավ հանրային ելույթով : Դոկտոր Երվանդ Զորյանը պատիվ ունեցավ համայնքի անդամներին ներկայացնելու ՀՎՀ-ի նպատակները և ձեռքբերումները, ինչպես նաև նոր հեռանկարները, որ ՀՎՀ-ն կկարողանար առաջարկել Ամմանի հայ համայնքին: Տեղի հայ համայնքի խորհրդի ջանքերի շնորհիվ Հորդանանի Յուզբաշյան-Գյուլբենկյան ազգային վարժարանի «Հովհաննես Փանոսյան» սրահը լիքն էր հետաքրքրասեր մարդկանցով, որոնք եկել էին ներկա գտնվելու ելույթին, որը կրում էր «Համացանցը որպես հայերի վերամիավորման միջոց» խորագիրը:
Միջոցառմանը ներկա գտնվեցին Հորդանանի հոգևոր առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Թոփալյանը և հայկական համայնքի անդամները: Միջոցառումը սկսվեց Մարալ Ներսեսյանի բացման խոսքով: Դոկտոր Երվանդ Զորյանը ներկայացրեց ՀՎՀ-ի օնլայն դասընթացները, ինչպես նաև էլեկտրոնային գրքերի շարքը` ներկաների ուշադրությունը հրավիրելով հատկապես այն փաստի վրա, թե ինչպես համացանցը կարող է աշխարհասփյուռ հայերի վերամիավորման և հայկական ինքնության պահպանման միջոց հանդիսանալ: Ներկաները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին այս հարցի շուրջ: Որոշ ակտիվ անդամներ, այդ թվում նաև Մարալ Ներսեսյանը, իրենց պատրաստակամությունը հայտնեցին սատարելու ՀՎՀ-ին իր կարևորագույն առաքելությունն իրագործելու հարցում, ինչպես նաև տարածելու ՀՎՀ-ի վերաբերյալ տեղեկատվությունը Ամմանի հայ համայնքում:
Միջոցառումն ավարտվեց` համատեղ փոխշահավետ համագործակցության սկիզբ դնելով ևս մեկ հայ համայնքի հետ: