Կարմուն Խուի համար տարբեր վայրերում բնակվելը և տարբեր լեզուներ սովորելը արտասովոր բան չէ: Կարմունը ծնվել և մեծացել է Սինգապուրում, իսկ դպրոցական տարիքում տեղափոխվել է Ավստրալիա: Ավստրալիայում նա սովորել է սահուն խոսել ֆրանսերեն և ինտենսիվորեն ուսումնասիրել է իսպաներեն և գերմաներեն լեզուները: Ներկայումս հետաքրքրվում է լատիներենով և պատրաստվում է տեղափոխվել Միացյալ Թագավորություն պատմություն ուսանելու նպատակով:
Կարմունը շատ է սիրում լեզուներ սովորել: Նա Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) մասին տեղեկացել է մի կայքից, որը լեզուների առցանց դասընթացների ցանկ է տրամադրում: Կարմունը կապ հաստատեց ՀՎՀ-ի հետ և մանրամասն տեղեկացավ ՀՎՀ-ի առաջարկացած դասընթացների և օնլայն ուսուցիչների կողմից տրամադրվող մեծ աջակցության մասին: Տեսնելով նման համապարփակ և պրոֆեսիոնալ մոտեցումը` նա որոշեց սովորել մի նոր լեզու, որը պատկանում է մի մշակույթի, որի մասին նա ոչինչ չգիտեր այդ ժամանակ:
Կարմունը նախկինում առիթ չի ունեցել ճանաչելու Հայաստանը և հայոց լեզուն: Նա առաջին անգամ ծանոթացավ հայոց լեզվին արևելահայերենի սկսնակ դասընթացի միջոցով, ինչն էլ հիացրեց նրան. "Ես սիրահարվել եմ հայերեն տառերի գրելաձևին , որն իմ կարծիքով երկրագնդի ամենագեղեցիկ գրային համակարգերից մեկն է"›:
Կարմունը տարբեր լեզուներ է սովորել առցանց համալսարանների միջոցով: Նա ՀՎՀ-ն համարում է մինչ այսօր հանդիպած լավագույն տարբերակը և գնահատում է ՀՎՀ-ի` ամբողջ աշխարհում հայկական կրթությունը ուսանողներին հասանելի դարձնելու կարողությունը: Նա նաև շատ ջերմությամբ է խոսում ՀՎՀ-ի անձնակազմի, հատկապես իր օնլայն ուսուցչի` Մարինա Խաչատուրյանի մասին, ով իրեն ծանոթացրել է հայկական մշակույթին և ավանդույթներին, և ով շատ բանիմաց, սիրալիր և ջերմ անձնավորություն է:
Հայաստանը և հայոց լեզուն Կարմունին ոգեշնչեցին ապագայում իրականացնել գիտական ուսումնասիրություններ` ապացուցելու համար, որ հայերենը ‹‹անզուգական լեզվական գանձ›› է: Կենտրոնանալով հայոց լեզվի և պատմության վրա` Կարմունը նաև ցանկանում է, որպեսզի աշխարհը ճանաչի և իմանա հաճախ թերի ներկայացված հայոց պատմությունը: Նա ասում է.
"Իմ կարծիքով Հայաստանը արժանի է, որպեսզի ճանաչվի հնագույն քաղաքակրթություններից մեկը, ինչպիսին են Բաբելոնը, Պարսկաստանը և Եգիպտոսը: Ինձ համար իսկապես առեղծված է, թե ինչու է Հայաստանը զրկվել հնագույն պատմության մեջ իր արդար տեղը զբաղեցնելուց":
Ծանրաբեռնված լինելով առաջիկա համալսարանական դասընթացներով`Կարմունը ժամանակավորապես դադարեցրել է ՀՎՀ-ում ուսուցումը: Այնուամենայնիվ, ՀՎՀ-ի կազմակերպած Երևանի վիրտուալ այցից հետո Կարմունն արդեն մտադիր է այցելել Հայաստան, որպեսզի անձամբ տեսնի այդ ամենը: Իր պարտադիր այցելությունների ցանկը ներառում է` Գառնի այցելելը, հայկական երաժշտության միտումներին ծանոթանալը, հայկական խոհանոցի հայտնի ուտեստները ճաշակելը և իր լեզվական հմտությունները կիրառելը:
Ստորև կարող եք դիտել, թե ինչպես է Կարմունը խոսում հայերեն The Armenite-ի համար նկարված տեսանյութի մեջ`
https://youtu.be/s5UN3HaSLdo?list=TLGGZPMBOVVv4q4xNzA1MjAyMg
Հեղինակ` Լենա Թաշչյան