«Մայրիկս ֆրանսահայ է, իսկ հայրիկս՝ ֆրանսիացի։ Ես միշտ լսել եմ, թե ինչպես է մայրիկս տատիկիս և պապիկիս հետ հայերեն խոսում, և երկար ժամանակ է՝ փորձում է ինձ էլ սովորեցնել»։
Արթուր Պրիորը՝ տասնհինգամյա ֆրանսահայ տղան,, ռոք երաժշտության սիրահար է։ Նա շատ է ցանկանում ավելին իմանալ իր հայկական արմատների մասին։ Նա գրեթե երկու տարի է՝ սովորում է ՀԲԸՄ ՀՎՀ-ում։
Առաջին անգամ 2017 թվականին,ապա 2018-ին կրկին Հայաստան այցելելուց հետո նրա համար հայկական մշակույթը ավելի կարևոր է դարձել։
«Սիրում եմ հայկական խոհանոցը. անգամ մի քանի ուտեստ կարողանում եմ ինքս պատրաստել, - հպարտորեն ասում է նա։ - 2017 թվականին մենք նույնիսկ Արցախ ենք գնացել։ Ինձ այնքան են դուր եկել այդ ճանապարհորդությունները։ Հայաստանը շա՜տ գեղեցիկ է։ Սարերը հրաշալի են։ Եկեղեցիներն ու վանքերը վկայում են Հայաստանի հազարամյա պատմության մասին։ Մարդիկ նույնպես լավն են»։
Այս ճանապարհորդություններից հետո Արթուրը որոշեց, որ հայերեն սովորելու ճիշտ ժամանակն է։ Իր մայրիկի օգնությամբ նա գրանցվեց ՀԲԸՄ ՀՎՀ-ում արևմտահայերենի` սկսնակ մակարդակի դասընթացներին։ Այժմ նա անցնում է տարրական մակարդակի դասընթացները։
«ՀԲԸՄ ՀՎՀ-ում արևմտահայերենի դասընթացներին մասնակցելուն պես սկսել եմ տատիկիս և պապիկիս, ինչպես նաև մայրիկիս զարմիկների հետ մի փոքր հայերեն խոսել։ Նրանք իսկապես տպավորված են։ Ես կարծում էի, որ դասերը սովորելու համար ինձնից շատ ջանք է պահանջվելու, բայց իրականում այդպես չէ։ Կարող ես հանգիստ և առանց շտապելու սովորել դրանք։ Իսկ իմ ուսուցիչները՝ Զեփյուռն ու Օվսաննան, այնքան լավն են և միշտ պատրաստակամ են օգնել»։
ՀԲԸՄ ՀՎՀ-ի՝ արևմտահայերենի դասախոս Զեփյուռ Խպլիկյանը Արթուրին բնութագրում է որպես շատ խելացի, աշխույժ, պարտաճանաչ և տաղանդավոր պատանի։ «Մեծ ջանք կը թափէ արեւմտահայերէն սորվելու եւ սորված բառերն ու քերականական գիտելիքները անպայման կը փորձէ կիրառել նոր նախադասութիւններ կազմելով:
Մեր առցանց հանդիպումներն ու քննարկումները շատ հաճելի կ'անցնին:», - ասում է Զեփյուռը։
ՀԲԸՄ ՀՎՀ-ի` հայերենը ֆրանսերենով դասավանդող Օվսաննա Չորոխյանը նույնպես տպավորված է Արթուրի և նրա մայրիկի ոգևորությամբ․ «Արթուրը շատ հետաքրքիր ներաշխարհով տղա է։ Բավականին ընդունակ է, ցանկության դեպքում հեշտությամբ է դասը յուրացնում։ Մեծ է մայրիկի դերը հայերենի ուսուցման հարցում. Նա բոլոր տեսակոնֆերանսներին ներկա է լինում և ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Արթուրն ու իր եղբայրը արևմտահայերենին լավ տիրապետեն»։
ՀԲԸՄ ՀՎՀ-ում հայերեն սովորելով՝ Արթուրը գրեց Հայոց ցեղասպանության մասին իր հեղինակային անգլերեն երգի հայերեն տարբերակը, որը նվիրեց ցեղասպանությունից փրկված իր տատիկին ու պապիկին:
«Ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել Օվսաննային և Զեփյուռին, ինչպես նաև ՀԲԸՄ ՀՎՀ-ին այս դասընթացների համար: Նրանք ինձ օգնում են հայերեն սովորել, որն այնքան կարևոր է սփյուռքում մեր մշակույթը կենդանի պահելու համար: Եթե դեռ երկմտում եք՝ արդյոք արժե մասնակցել այս դասընթացներին, թե ոչ, ապա փորձեք և կհամոզվեք, որ դրանք նախատեսված են յուրաքանչյուրի համար, ով ուզում է սովորել»:
Այժմ Արթուրի փոքր եղբայրը նույպես գրանցված է ՀԲԸՄ ՀՎՀ-ի՝ հայերենի դասընթացներին: Նույնիսկ նրանց հայրիկն է փորձում նրանց հետ հայերեն խոսել սովորել: Մայրիկի օգնությամբ Արթուրն ու իր ընտանիքը վճռական են պահպանել հայերենը սփյուռքում: