login
Հայացք ներսից
«ՀՎՀ-ն օգնեց ինձ վերագտնել իմ հայկական ժառանգությունը» 06/25/2018

«Աննկարագրելի դժվար է պահպանել կապը սեփական ժառանգության հետ, եթե չգիտես այդ ժառանգության լեզուն»,-ասում է Ժոզեֆ Սիրենը՝ ՀՎՀ-ի ուսանողն ԱՄՆ-ից:

Մինչև վերջերս Ժոզեֆի կապն իր հայկական արմատների հետ սահմանափակվում էր ազգային ուտեստներով, որ մեծ ընտանիքը վայելում էր տոնական առիթներով և իր հայ պապիկի պատմություններով, ով սովորություն ուներ պատմել իր մանկության մասին: Եվ Ժոզեֆը որոշեց հայերեն սովորել: Նրա ընտանիքում ոչ մեկը հայերեն չէր խոսում: Ալյասկայում, որտեղ նրանք ապրում էին, հայկական դպրոց չէր գործում, չկային նաև հայոց լեզվի դասընթացներ: Նա փնտրեց համացանցում և 2018թ. հունվարին սկսեց ՀՎՀ-ի լեզվի դասընթացը:

«Հայկական վիրտուալ համալսարանն ինձ համար փրկություն էր, քանի որ հայերեն սովորելու աղբյուրները քիչ էին: ՀՎՀ-ն ինձ նաև հնարավորություն տվեց լեզուն սովորել ուսուցչի օգնությամբ, ում համար հայերենը մայրենի լեզու էր»,-ասում է Ժոզեֆը:

Լեզու սովորելու իր հմտությունների և ՀՎՀ-ի ուսուցչուհի Մարինա Խաչատուրյանի օգնությամբ Ժոզեֆը հաջողեց ուսման մեջ: Անցյալ ամռանը նա Հայաստան այցելեց ՀԲԸՄ-ի «Երիտասարդ արհեստավարժներ» ծրագրի շրջանակներում: Երևանում ոչ միայն կիրառեց այն, ինչ արդեն սովորել էր առցանց, այլ հաճախեց նաև ծրագրի մասնակիցների համար կազմակերպված ՀՎՀ-ի դասընթացներին՝ զարգացնելով լեզվական և մշակութային գիտելիքները:

«Իմ կապը Հայաստանի հետ այլևս միայն տոլման և գառան խաշլաման չէ, ես արդեն հայ ընկերներ ունեմ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում, իսկ հայերենիս իմացության մակարդակն ավելի բարձր է: Ես անչափ շնորհակալ եմ ՀՎՀ-ին իմ ժառանգության լեզուն սովորելու այս հնարավորության համար»,-ասում է Ժոզեֆը:

Դիտեք տեսանյութը, որտեղ Ժոզեֆը խոսում է Հայկական վիրտուալ համալսարանում ունեցած իր փորձառության մասին.