login
Հայացք ներսից
Արյան կանչը 06/15/2015

‹‹1/8 չափ›› հայկական արմատներ ունենալով` Լինդսի Պեկհեմը, շնորհիվ իր հորական տատիկի հետ ունեցած ջերմ հարաբերությունների, միշտ հետաքրքրվել է այն ամենով, ինչը անմիջական կապ է ունեցել Հայաստանի և հայկական մշակույթի հետ: Լինդսիի հայրը իր և եղբայրների մեջ նույնպես սերմանել է հայ լինելու հպարտության զգացումը և նրանց շարունակ հետաքրքրաշարժ պատմություններ է պատմել ծագումով հայ իրենց մեծ պապի մասին:
 

Լինդսին ապրում է Մասաչուսեթսի Ուաթերթաուն քաղաքից 30 րոպե հեռավորության վրա, որտեղ հայկական մեծ համայնք կա:
 

Լինդսիի տատիկը իրեն սովորեցրել է կարկանդակ թխել, և Լինդսին իր ընտանիքի հետ միասին հաճախ է այցելում Ուաթերթաուն, որպեսզի անհրաժեշտ բաղադրիչները գնի հայկական նշաբլիթներ, մշկընկույզով կարկանդակ և չորեկ պատրաստելու համար: 2012 թ. իր տատիկի հանկարծամահ լինելուց հետո Լինդսին ցանկացավ մի ծրագիր գտնել, որն իրեն հնարավորություն կտա մոտ լինել իր հայկական արմատներին: Աղջկա`Լիլայի լույս աշխարհ գալուց հետո նա կարիք ուներ այնպիսի մի ծրագրի, որը ճկուն և հարմար կլիներ իր գրաֆիկին, քանի որ զբաղված մայրիկ լինելով հանդերձ՝ նա միևնույն ժամանակ կես դրույքով աշխատում էր Քուինսի քոլեջում: Հայկական Վիրտուալ համալսարանը իրեն տվեց այն,ինչ նա փնտրում էր:
 

Ի սկզբանե հետաքրքրված լինելով հայկական մշակույթով`Լինդսին գրանցվեց ՀՎՀ-ի ճարտարապետության դասընթացներին: ‹‹Երբ սկսեցի ճարտարապետության դասընթացները, ես ոչինչ չգիտեի ճարտարապետության մասին և չգիտեի` ինչ ակնկալել: Դասընթացի վերջում ես շատ գիտելիքներ ստացա և սկսեցի արժևորել ճարտարապետությունը, հատկապես հայկական եկեղեցիների ճարտարապետությունը››, - ասաց նա: Այնուհետև Լինդսին որոշեց գրանցվել երաժշտության դասընթացներին և ծանոթանալ Կոմիտասի ստեղծագործական կյանքին: Լինդսին այսօր էլ շարունակում է լսել Կոմիտասի ստեղծագործությունները և հաճախ մտածում է, թե արդյո ՞ք իր մեծ պապը նույնպես լսել է Կոմիտասին:
 

Քանի որ իր ընտանիքում ոչ ոք հայերեն չէր խոսում, Լինդսին հասկանալի պատճառներով հանձն չէր առնում հայերեն սովորել: Այնուամենայնիվ,մեծ ցանկություն ունենալով օտար լեզու սովորել և արդեն մեծ փորձառություն ունենալով իր օնլայն ուսուցչի` Անիի հետ, նա որոշեց գրանցվել նաև լեզվի դասընթացներին և այժմ ուսումնասիրում է արևմտահայերենի միջին մակարդակը: ‹‹Հայոց այբուբենը միանշանակ ամենադժվար մասն էր սկզբում, քանի որ այն բոլորովին եզակի է և տարբեր անգլերենից: Չնայած սկզբնական դժվարություններին` ես հիմա այն շատ սիրում եմ և մեծ հաճույքով բառեր եմ սովորեցնում նաև իմ երկու տարեկան դստերը››,- ասաց Լինդսին:
 

Լինդսին նաև նշեց, որ նա վերջերս է ավարտել Զաբել Եսայանի ‹‹Սիլիհդարյան այգիներ›› գիրքը, ինչն էլ իր մեջ հետաքրքրություն է առաջացրել դեպի հայ գրականությունը, և որ կցանկանար նաև մի օր գրանցվել հայ գրականության դասընթացներին:
 

Ժամանկի ընթացքում Լինդսին հոգեպես կապվեց ՀՎՀ-ի և իր օնլայն ուսուցչի հետ: ‹‹Ես ՀՎՀ-ն համարում եմ իմ երկրորդ ընտանիքը, և ցանկացած անձ երջանիկ կլինի այդ հրաշալի ընտանիքի մասնիկը դառնալ››: Նա նաև արտահայտեց իր օնլայն ուսուցչի հանդեպ ունեցած իր հիացմունքը` ասելով. ‹‹Ես ավելի լավ օնլայն ուսուցիչ չէի էլ կարող ակնկալել: Ես Անիին համարում եմ իմ ընկերը: Նա ինձ այնքան բան է սովորեցրել և միշտ պատրաստ է աջակցել ինձ, երբ հարցեր եմ ունենում››:
 

Թեև նա ներկայումս դեռ մտադրություն չունի Հայաստան այցելել, նա նշեց, որ դա միշտ իր երազանքն է եղել, և որ շատ կցանկանար հանդիպել Անիի և ՀՎՀ-ի ամբողջ անձնակազմի հետ, ինչպես նաև իր գրչընկերոջը, ում հետ կապի մեջ է շուրջ 17 տարի:
 

Լինդսին ասաց, որ հիմա, երբ արդեն ճանաչում է հայոց այբուբենը, տիրապետում է հայերենի բանավոր և գրավոր խոսքին, մեծ վստահություն է զգում և համոզված է, որ իր հանգուցյալ տատիկը շատ հպարտ կլիներ` տեսնելով, որ նա սովորում է հայոց լեզուն: Լինդսիի նվիրվածությունը իր արմատներին այնքան մեծ է, որ նա նպատակ ունի հայ լինելու զգացումը սերմանել նաև իր դստեր մեջ՝ շարունակելով նրան ծանոթացնել հայ մշակույթին և հայոց լեզվին:


Հեղինակ` Լենա Թաշչյան