Զաք (Զաքարյան) Մորտենսենը ծնվել է Կալիֆորնիայում և դարձել խուլ ծնողների որդեգիր: Զաքի կյանքը ներկայացնում է թե՛ որդեգրած ծնողների և թե՛ հայկական արմատների հետ կապը: Իր հայկական ծագման մասին նա իմացել է մորական տատից ու պապից: Դեռահասության տարիքում նա աշխատել է որպես ամերիկյան ժեստերի լեզվի թարգմանիչ, ստացել է հետբուհական կրթություն, այնուհետև պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ մեծահասակների կրթության և մանկավարժության բնագավառում: Ֆրեզնոյի հայկական համայնքում Զաքն իրեն զգում էր ինչպես տանը: Այստեղ նա մասնակցում էր Ֆրեզնոյի համայնքային քոլեջի հայագիտության ֆակուլտետի դասընթացներին:
2005 թվականին նա տեղափոխվում է Իլինոյս՝ դասավանդելու ամերիկյան ժեստերի լեզու և խուլերի մշակույթ: Այստեղ նա աշխատում է նախքան թոշակի անցնելը:
Զաքը ցանկանում էր գտնել ուղենշային մի բան. թեև նա մեծացել էր բազմալեզու միջավայրում ու տիրապետում էր բազմաթիվ լեզուների՝ ռուսերենի, իդիշի (գերմաներենի բարբառ՝ աշկենազի հրեական ծագումով), պորտուգալերենի, գերմաներենի, հունարենի, ամերիկյան ժեստերի լեզվին, հասկանում է, որ իր վաղ դաստիարակությունից սկսած մի լեզու բացակայում է՝ հայերենը:
Նա տեղեկանում է Հայկական վիրտուալ համալսարանի մասին և, ինչպես ինքն է ասում, «ամբողջությամբ սուզվում է դրա մեջ», հատկապես երբ տեսնում է առկա դասընթացների շրջանակը, ինչպես ինքն է ասում՝«ոսկու հանքը»:
Զաքն իր հայկական արմատների մասին իմացել է մորական տատից ու պապից: Ինչպես ինքն է փաստում, սփյուռքի հայերի լեզուն՝ արևմտահայերենը, սովորելն այդ արմատներին վերադառնալու ճանապարհի սկիզբն էր: Նա արդեն ավարտել է հայոց լեզվի դասընթացի բարձր մակարդակի նախապատրաստական բաժինը և նշում է. «Ես հասկացա, որ վերադարձել եմ «տուն»՝ իմ հայկական արմատներին, և ամեն դասի հետ այդ կապն ավելի է ամրապնդվում»: Զաքն իր ուսուցիչների մասին գովասանքով է խոսում և ավելացնում է. «Ես չէի էլ կարող պահանջել առավել աշխատանք, քան կատարում են Անին ու Զեփյուռը: Նրանք միայն ուսուցիչներ չեն, նրանք իսկական ընկերներ են»:
Չնայած նրան, որ հայկական համայնք չկա կենտրոնական-արևելյան Իլինոյս նահանգում, Զաքը շնորհակալ է Երևանի հետ իր «ուղիղ կապի» համար, որն իրական է դարձել իր օնլայն ուսուցիչների շնորհիվ: Քանի որ Զաքի առողջական վիճակը չի ներում, որպեսզի ժամանի Հայաստան, նա սիրով մասնակցում է ՀՎՀ-ի կազմակերպած վիրտուալ այցելություններին դեպի իր նախնիների հայրենիք՝ դրանք անվանելով «բերկրանք»:
Դասերը Զաքին հնարավորություն ընձեռեցին նաև օգտագործելու իր երաժշտական կրթությունը: Նա նվագում է դաշնամուր, երգեհոն, թավջութակ, տավիղ և մասնակցել է երաժշտության տեսության դասընթացների: Երբ սովորում էր Հովհաննես Թումանյանի «Փարվանա» պոեմը, ինչպես ինքն է փաստում, մի երաժշտություն ծնվեց իր մտքում և ոգեշնչեց նրան պոեմին նվիրված երաժշտական մի պատառիկ գրել: Զաքը նշում է. «Իմ դասերն ինձ բազմիցս ոգեշնչել են: Ես վստահ եմ, որ հայկական շատ այլ մեղեդիներ դեռ թաքնված են իմ ներսում»:
Զաքն այժմ մասնակցում է հայոց լեզվի դասընթացի բարձր մակարդակի դասերին: Նա ցանկանում է երաժշտություն գրել՝ ուղեկցված հայերեն բառերով, հայերեն կարդալ Աստվածաշունչը, գիտությունների թեկնածուի կոչում ստանալ հայ լեզվաբանության բնագավառում, որն իր մեջ կներառի նաև երաժշտություն ստեղծագործելու բաղադրիչը: Նա այնուհետև կատակով հարցնում է. «Շատ բան չեմ ուզում, չէ՞»:
Հայաստան կատարած այցելությունից հետո Արմանը որոշում է, որ իր հաջորդ նպատակը Հայաստան տեղափոխվելն է, և այդ նպատակին հասնելու համար նա պատրաստ է անել հնարավոր ամեն բան:
Զաքի ստեղծագործած երաժշտությունը լսելու համար անցե՛ք այս հղումով:
Հեղինակ` Լենա Թաշչյան