login
Մամլո հաղորդագրություններ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը կհամագործակցեն երկրում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի ուսուցման կազմակերպման հարցում 12/15/2017

ԵՐԵՎԱՆ – ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը ստորագրեցին Համագործակցության հուշագիր՝ ազդարարելով Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի ուսուցման կազմակերպմանն ուղղված համատեղ ծրագրի մեկնարկը: Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ այսօր ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում:

 

Համագործակցության հուշագիրը բխում է ՀՀ կառավարության 2017 թ. փետրվարի 23-ի N 8 որոշումից: Հուշագրի շրջանակներում  նախատեսվում է հայոց լեզվի անվճար դասընթացներ կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների, այդ թվում՝ սիրիահայերի համար, ինչը կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակության մեջ:  Տարեկան շուրջ 80 մարդ  կմասնակցի հայոց լեզվի դասընթացներին:

 

«ՀԲԸՄ-ի առաքելության կարևորագույն ուղղությունները միշտ եղել են կրթությունը, մշակույթը, մարդասիրական և սոցիալ- տնտեսական ծրագրերը: Այս նախաձեռնությունը միավորում է կրթական և մարդասիրական բաղադրիչները, որով մենք կօգնենք սիրիահայ մեր քույրերին և եղբայրներին՝ ավելի հեշտ և արագ ինտեգրվելու իրենց նախնիների հայրենիքում»,- բացման խոսքում նշեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

 

Դասընթացները կմեկնարկեն 2018 թ. մարտին և կանցկացվեն ՀՎՀ մասնագետների կողմից «հիբրիդ» եղանակով, որը նախատեսում է առկա և հեռավար ուսուցման մեթոդների համակցական կիրառում:

 

«Իրականում Հայկական վիրտուալ համալսարանի աշխատանքը մեզ համար փորձնական է, որովհետև այն տեխնիկական լուծումները, մեխանիզմները և ձևերը, որոնք նրանք կիրառում են, կարող ենք հեշտությամբ գործադրել հառավար կրթության մեր ծրագրերում»,-ասաց նախարար Լևոն Մկրտչյանը:

 

«Սա Հայաստանում առաջին  դասարանն է,  որ կբացվի փախստականների համար՝ օգտագործելով ՀՎՀ հեռավար դասավանդման փորձը և հնարավորությունները:  Հպարտ ենք այս հարցում նախարարության հետ համագործակցության համար»,- ասաց Երվանդ Զորյանը:

 

Նախատեսվում է մշակել 60 դասաժամ տևողությամբ տարբերակված ուսումնական ծրագրեր՝ հայերենին չտիրապետողների և մասամբ տիրապետողների համար: Յուրաքանչյուր խմբի համար կմշակվեն նաև լրացուցիչ ծրագրեր՝ 120 դասաժամ տևողությամբ:  Ծրագրերը կմշակվեն ՀՎՀ-ի և կհաստատվեն նախարարության կողմից: Նախարարությունը նաև կիրականացնի դասընթացների վերաբերյալ շահառուների իրազեկումը:

 

2017 թ. ՀՎՀ հիբրիդ  ծրագրի դասընթացներին մասնակցել է 20 հայկական դպրոց տարբեր երկրներից,  որոնց այսուհետ կմիանան նաև այս համատեղ ծրագրի շահառուները: Միջոցառման վերջում տեղի ունեցավ վիրտուալ Համընդհանուր Ֆորում, որի ընթացքում ներկաներին ողջունեցին ՀՎՀ հիբրիդ  կրթական ծրագրին մասնակցող դպրոցների ներկայացուցիչները, այդ թվում՝ Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի հայկական համայնքի ղեկավար Նուբար Յաղուբյանը, ՀԲԸՄ Փարիզի շաբաթօրյա դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ Մկրտիչ Բասմաջյանը և ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի ղեկավար Սոնյա Ավագյան-Պետրոսյանը:

 

 

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան (ՀՎՀ)

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հավատարմագրված օնլայն ուսումնական հաստատություն է, որը տրամադրում է հայկական կրթություն նորագույն տեխնոլոգիաների միջոցով: 2009 թվականից ի վեր ՀՎՀ-ի վիրտուալ լսարանները բաց են բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հայագիտությամբ, ովքեր հնարավորություն չունեն մասնակցելու ավանդական, դեմ-առ-դեմ իրականացվող հայկական կրթական ծրագրերին` միաժամանակ հարստացնելով արդեն իսկ գործող ուսումնական ծրագրերը: ՀՎՀ-ի առաքելությունն է ստեղծել կրթական վիրտուալ համայնք, որը կխթանի մշակութային կրթությունը և կզարգացնի հաղորդակցային կապերն ամբողջ աշխարհում:

 

ՀՎՀ-ի և իր ծրագրերի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել

www.avc-agbu.org կայք:

Facebook: www.facebook.com/OnlineArmenianEducation   

 YouTube:  https://www.youtube.com/user/AVCitservice

Twitter: https://twitter.com/avcagbu                                      

Google Plus: /+avc-agbuorg                           

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ)

ՀԲԸՄ-ը աշխարհի ամենախոշոր շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է, որը հիմնադրվել է 1906 թվականին: Գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը պահպանում և խթանում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով՝ տարեկան շոշափելով աշխարհի շուրջ 500,000 հայ կյանք:

 

ՀԲԸՄ Հայաստանի և իր ծրագրերի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.agbu.org կայք:

Facebook: www.facebook.com/AGBUyerevan

Twitter: https://twitter.com/AGBUarmenia

Instagram: https://www.instagram.com/agbuyerevan/