login
Հոդվածներ
Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողով 09/22/2017

Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը տեղի ունեցավ 2017 թվականի սեպտեմբերի 18-ից 20-ը Երևանում: Համաժողովի «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» կարգախոսի ներքո էին համախմբվել 1500 մասնակիցներ 70 երկրներից, այդ թվում՝ հոգևոր առաջնորդներ, համահայկական կառույցների ու համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և ականավոր այլ անհատներ:

 

Հայապահպանության հիմնախնդիրներին նվիրված թեմատիկ նիստում ելույթ ունեցավ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ դոկտոր Զորյանը, ով իր խոսքում շեշտադրեց համացանցի և հայապահպանության միջև կապը՝ հիմնվելով ՀՎՀ-ի փորձի վրա:

 

Տասնամյակներ շարունակ հայկական ինքնության պահպանման միջոցը սփյուռքում հայկական ուժեղ համայնք ունենալն էր: Սակայն համաշխարհային վերջին իրադարձությունները և օբյեկտիվ այլ պատճառները հանգեցրել են փոքր համայնքների ձևավորմանը, կապերի և համայնքային կառույցների թուլացմանը՝ վտանգի տակ դնելով մեր ազգային ինքնությունը: Ինչպե՞ս ձեռք մեկնել 95-99% երեխաներին և երիտասարդներին, ովքեր ապրում են այնտեղ, որտեղ չկան հայկական դպրոցներ: «Համացանցը և արդի տեխնոլոգիաներն այսօր մեզ տալիս են այս համայնքները պահպանելու գործիքը»,-նշեց դոկտոր Զորյանը:

 

Ըստ դոկտոր Զորյանի՝ մենք պետք է փոխանցենք մեր լեզվի և պատմության, կրոնի և մշակույթի, մեր հայրենիքի, ազգային խորհրդանիշների, հերոսների և բոլոր այն արժեքների մասին գիտելիքները, որոնք ազգային ինքնության հիմքն են: Գիտելիքների փոխանցումը,իհարկե, խնդրի միայն մի մասն է: Ռազմավարական հաջորդ քայլն աշխարհի մակարդակով հայկական համայնքների և հայերի միջև հաղորդակցություն ստեղծելն է:

 

«Վիրտուալ համալսարանը ոչ միայն հայկական կրթական ծրագիր է, այլ մեր ազգային ինքնությունը պահպանելու ռազմավարական գործիք: Համալսարանի ներուժն իր նորարարական մոտեցումն է, ճկունությունը և հասանելիությունն ամբողջ աշխարհում», -ասաց դոկտոր Զորյանը: Նա նաև խոսեց ՀՎՀ-ի օնլայն դասընթացների, հիբրիդ ծրագրի, էլեկտրոնային գրքերի, կրթական հավելվածների և առցանց ուսուցման այլ առանձնահատկությունների մասին:

 

Համաժողովի ցուցասրահում ՀՎՀ-ն ուներ իրեն հատկացված տաղավարը, որտեղ համալսարանի թիմը հյուրերին և մասնակիցներին ներկայացրեց ՀՎՀ-ի առցանց կրթության հնարավորությունները և ծրագրերը: Այցելուներից շատերը, այն հետաքրիր և արդյունավետ համարելով, ցանկություն հայտնեցին գրանցվել համալսարանի գործունեության մասին նորությունները ստանալու կամ համաժողովից հետո հաղորդակցությունը շարունակելու համար: