ՀՎՀ-ն միացավ #ArtsakhStrong սոցցանցային արշավին
04/22/2016
Հետևելով Ադրբեջանի կողմից այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության նկատմամբ վերսկսած ռազմական ագրեսիային` ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը իր ուսանողների և շրջանավարտների համար կազմակերպեց վիրտուալ այցելություն դեպի Արցախ: Միջոցառումը կրում էր ‹‹ArtsakhStrong. Այցելություն դեպի Լեռնային Ղարաբաղի պատմական անցյալ և ներկա ›› խորագիրը և նպատակ ուներ ուսանողներին ներկայացնել տարածաշրջանի պատմությունը և մշակույթը, պատասխանել ներկայիս իրավիճակի շուրջ ծագած հարցերին:
Այցելությունը հարուստ էր տեսանյութերով և նկարներով, որոնք համակարգչի էկրանի միջով կարողացան փոխանցել Արցախի հարուստ պատմությունը և մշակույթը, հրաշալի բնանկարները և ճարտարապետությունը: Մասնակիցները հիացած էին այն ամենով, ինչ սովորեցին միջոցառման ժամանակ: ‹‹Մեծ ուրախություն է տեսնել մեր Արցախ հայրենիքը, ճանաչել իր սուրբ պատմությունը և պատմական ժառանգությունը››,- ասաց ՀՎՀ շրջանավարտ և հիբրիդ ծրագրի ուսուցիչ Տեր Աբրահամը: Մեկ այլ ուսանող` Փարսա Զարինը, արձագանքեց. ‹‹Շնորհիվ ՀՎՀ-ի`ես հասկանում և գնահատում եմ, որ պետք է պահպանել մարդկության մեծագույն գանձերից մեկը`Արցախը››: