login
Հոդվածներ
ՀՎՀ շախմատի դասընթացը ներկայացվեց Կոտայքի մարզի և Երևանի շախմատի ուսուցիչներին 11/12/2016
ՀՎՀ-ն շարունակում է ընդլայնել շախմատի իր առցանց (օնլայն) ծրագիրը ոչ միայն Հայաստանի սահմաններից դուրս, այլ նաև երկրի ներսում։ Հայաստանի շախմատի ուսուցիչներին ծրագիրը ներկայացնելու համար ՀՎՀ-ն ունեցավ երկու կարևոր հանդիպում. առաջին հանդիպումը տեղի ունեցավ Կոտայքի մարզի շախմատի ուսուցիչների հետ, երկրորդը` Երևան քաղաքի ուսուցիչների հետ։ 2016 թվականի նոյեմբերի 12-ին ՀՎՀ թիմը հյուրընկալվեց Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի շախմատի դպրոցում` շախմատի առցանց ծրագիրը շրջանի ավելի քան 90 ուսուցիչների ներկայացնելու նպատակով։ ՀՎՀ կրթական բաժնի տնօրեն դոկտոր Հասմիկ Խալափյանը ներկայացրեց ծրագրի առավելությունները, և ՀՎՀ շախմատի օնլայն ուսուցիչ Վահագն Քալանթարյանը ցուցադրեց շախմատի առցանց ծրագիրը։ Այնուհետև ՀՎՀ հիբրիդ (խառը) կրթական ծրագրի համակարգող Արփինե Թավաքալյանը մատնանշեց, թե ինչպես է հիբրիդ կրթական ծրագիրը կարողանում համադրել օնլայն և ավանդական դասավանդման լավագույն մեթոդները։ Հայաստանի շախմատի ակադեմիայի Կոտայքի մասնաճյուղի «Շախմատը հանրակրթական դպրոցներում» ծրագրի համակարգող Նաիրա Մովսիսյանը մեծապես գնահատեց ՀՎՀ շախմատի առցանց ծրագրի կարևորությունը և խոստացավ միջոցառումներ ձեռնարկել` աջակցելու մարզի հանրային դպրոցներում ծրագրի կիրառմանը և տարածմանը։ «Այս ծրագիրը մեծ օգնություն է ուսուցիչների, ինչպես նաև աշակերտների համար։ ՀՎՀ-ի առաջարկած օնլայն լուծումները և ծրագրի տեսողական գրավչությունը բավարարում է այսօրվա սերնդի կրթական պահանջները»,– ասաց տիկին Մովսիսյանը։ Շախմատի ուսուցիչների հետ երկրոդ հանդիպումը տեղի ունեցավ 2016 թվականի նոյեմբերի 19-ին Երևանի շախմատի ակադեմիայում, որտեղ ներկայացվեց ՀՎՀ շախմատի ծրագիրը Երևանի հանրակրթականդպրոցների ավելի քան 120 ուսուցչի։ Հանդիպմանը իր բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: Վերջինս ներկայացրեց օնլայն ծրագրի առավելությունները և անձամբ խորհուրդ տվեց ծրագիրը կիրառել հանրակրթական դպրոցներում։ «Այս դասընթացները կարող են փայլուն լրացում լինել դասագրքերին և հեշտացնել ուսումնական գործընթացը»,– ասաց պարոն Լպուտյանը։ Այնուհետև ՀՎՀ կրթական բաժնի տնօրեն դոկտոր Հասմիկ Խալափյանը խոսեց ծրագրի մեթոդաբանության և դասավանդման մեթոդների մասին, որից հետո Վահագն Քալանթարյանը ցուցադրեց, թե ինչպես է գործնականում ծրագիրն աշխատում։ Երկու հանդիպումներն էլ մեծ հետաքրքրություն առաջացրին հանրակրթական դպրոցների ուսուցիչների մոտ։ Գրեթե 80 ուսուցիչներ գրանցվեցին և միացան ՀՎՀ-ի շախմատի դասընթացին ծրագրի առցանց հնարավորություններին ծանոթանալու համար, որպեսզի կարողանան ծրագիրը ներկայացնել դասարաններում։ Շախմատային հանդիպումների շարքը կշարունակվի նաև 2017 թվականին` ավելի շատ հանրակրթական դպրոցների ուսուցիչներին ծրագրի լուսաբանման և Հայաստանում շախմատային գիտելիքների ընդլայնման համար։