login
Հոդվածներ
Բուլղարիան շարունակում է համագործակցել ՀՎՀ-ի հետ 09/28/2015
2015 թվականի սեպտեմբերի 28-ին ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի ատենապետուհի Սոնյա Ավագյան- Բեդրոսյանը և Ֆրանսիայի Մարսել քաղաքից Ռիչարդ Մակինաջյանը այցելեցին ՀՎՀ: Նրանք քննարկեցին ՀԲԸՄ Սոֆիայի ‹‹Հայլեռ›› կիրակնօրյա դպրոցում ՀՎՀ հիբրիդ կրթության ծրագրի արձանագրած հաջողությունները, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները: ՀՎՀ հիբրիդ կրթության ծրագիրը ‹‹Հայլեռ›› կիրակնօրյա դպրոցում սկսել է գործել 2014 թվականի ձմռանից`ընդգրկելով 20 աշակերտ, որոնք ընտրել էին արևելահայերենի դասընթացը: Իր հաջող իրագործման շնորհիվ հիբրիդ ծրագիրը ամուր հիմք է ստեղծել դպրոցի հետ հետագա համագործակցության և նոր նախագծերի իրականացման համար: Սոնյա Ավագյան- Բեդրոսյանը ՀՎՀ կրթական բաժնի տնօրեն Հասմիկ Խալափյանի և ՀՎՀ հիբրիդ կրթության ծրագրի համակարգող Արփինե Թավաքալյանի հետ խոսեց ‹‹Հայլեռ›› կիրակնօրյա դպրոցում ծրագրի շարունակական իրագործման մասին: Սոնյա Ավագյան- Բեդրոսյանը շնորհակալություն հայտնեց ՀՎՀ թիմին իր նվիվածության, ինչպես նաև ‹‹Հայլեռ›› դպրոցին նորարարական ծրագրերով աջակցելուն ուղղված ջանքերի համար: Նա նաև մեծ շնորհակալություն հայտնեց ծրագրից դուրս սոցիալ-մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար, որոնք շատ մեծ ազդեցություն են թողնում ուսանողների վրա` օգնելով նրանց ամրապնդել կապը մայր հայրենիքի հետ: Ֆրանսիայի Մարսել քաղաքից հայ երիտասարդ Ռիչարդ Մակինաջյանը ոգևորությամբ էր տրամադրված ՀՎՀ-ի և ‹‹Հայլեռ›› դպրոցի համագործակցությանը և իր պատրաստակամությունը հայտնեց հետաքրքրվել ուսումնական փորձառության մասին Մարսելի հայկական վարժարանում: Նա խոստացավ իր հայրենի քաղաքում հիբրիդ ծրագրի իրագործման հնարավորությունները գնահատել և ավելի ուշ ՀՎՀ-ին գործնական առաջարկներ անել համագործակցության համար: Ավելի մեծ թվով դպրոցներ և համայնքներ ամբողջ աշխարհից ցանկություն են հայտնում միանալու ՀՎՀ հիբրիդ դպրոցների ցանցին` առկա և օնլայն միաժամանակյա ուսուցման առավելություններից օգտվելու նպատակով: