login
Հոդվածներ
ՀՎՀ-ի օնլայն դասընթացները Լուվենի կաթոլիկ համալսարանի ուսումնական ծրագրի մաս 09/03/2018

Բելգիայի ամենամեծ ֆրանսախոս ուսումնական հաստատությունը՝ Լուվենի կաթոլիկ համալսարանն իր ուսումնական ծրագիրը համալրեց ՀՎՀ-ի օնլայն դասընթացներով: Այս ուսումնական տարվանից սկսած համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողները ՀՎՀ-ի հայոց լեզվի, պատմության կամ մշակույթի օնլայն դասընթացներին մասնակցելու հնարավորություն ստացան: Լուվենի կաթոլիկ համալսարանի և Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) միջև ձևավորված նոր գործընկերությունը պաշտոնապես ամրագրվեց 2018 թվականի սեպտեմբերի 1-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրով:

 

«Լուվենի կաթոլիկ համալսարանը Բելգիայի ամենամեծ ֆրանսախոս ուսումնական հաստատությունն է, որը հիմնադրվել է 1425 թվականին: Մեր արևելագիտության ֆակուլտետում շուրջ 200 տարի դասավանդում են հայագիտություն»,-ասում է Լուվենի կաթոլիկ համալսարանի պատվավոր ռեկտոր և հայագիտության ֆակուլտետի ղեկավար, պրոֆեսոր Բերնարդ Կուլին: Մինչև այս, ուսումնական ծրագիրը ներառում էր միայն գրաբարը, իսկ ՀՎՀ-ի արդի արևմտահայերենի և արևելահայերենի դասընթացները կհամալրեն և կհարստացնեն այն:

 

«ՀՎՀ-ն միակ հավատարմագրված օնլայն ուսումնական հաստատությունն է, որը տրամադրում է հայկական կրթություն՝ բարձրագույն ակադեմիական չափանիշներին համապատասխան և դասավանդման 7 լեզուներով»,- ասում է ՀՎՀ-ի հիմնադիր և նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը: «Մենք հպարտ ենք այս համագործակցության համար և ուրախ ենք, որ կարող ենք տարածել հայագիտությունը և հայոց պատմության ու մշակույթի հարուստ ժառանգությունը ներկայացնել համալսարանի ուսանողներին»,- ավելացնում է նա:

 

«Դոկտոր Զորյանի հետ մեր առաջին հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք ուսանողներին արևմտահայերեն և արևելահայերեն օնլայն դասավանդելու գաղափարը»,- ասում է պրոֆեսոր Կուլին: Այսօր այն իրականություն է դարձել: «Մեր ուսանողներն արդեն կարող են գրանցվել և մասնակցել անհատական դասընթացներին՝ ՀՎՀ-ի կողմից ստանալով մինչև 15 կրեդիտ»,- հավելում է պրոֆեսոր Կուլին:

 

Օնլայն սովորելուց բացի, համալսարանի ուսանողները կարող են օգտվել նաև ՀՎՀ-ի կրթական ծրագրի բաղկացուցիչ մասը կազմող կրթական այլ հնարավորություններից, այդ թվում՝ վիրտուալ միջոցառումներ և քննարկումներ, հաղորդակցություն վիրտուալ դասընկերների հետ, տեսակապով ինտերակտիվ հանդիպումներ ՀՎՀ-ի հեռավար ուսուցիչների հետ և այլն: Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները ՀՎՀ-ում ստացած իրենց գնահատականները կփոխանցեն Լուվենի համալսարան:

 

«Այս համագործակցությունն օրինակելի է, որը կարելի է կիրառել Լուվենի համալսարանի պես հեղինակավոր այլ ուսումնական հաստատությունների դեպքում»,- ասում է դոկտոր Զորյանը:

 

Նախկինում ևս ՀՎՀ-ն այլ միջազգային համալսարանների հետ հաջող համագործակցության փորձառություն ունեցել է, ներառյալ՝ Գրանադայի համալսարանն Իսպանիայում, Լիսաբոնի համալսարանը Պորտուգալիայում և Մաքքուերի համալսարանը Սիդնեյում: