login
Հոդվածներ
Եվրոպայի խորհուրդը. ՀՎՀ-ն Բրյուսելում կայացած ‹‹Սփյուռքերի Եվրոպա›› կոնֆերանսին 05/02/2016
2016 թվականի մայիսի 2-ին հայ, ասորի, հրեա և գնչու սփյուռքի համայնքների ներկայացուցիչները հանդիպեցին Բրյուսելում, որպեսզի վերաբացահայտեն և արժևորեն սփյուռքերի առկայությունը Եվրոպայում և խթանեն նրանց միջև փորձի փոխանակումը, համագործակցությունը և համատեղ շահերի պաշտպանությունը: ՀԲԸՄ Եվրոպան մեծ դերակատարություն ունեցավ այս եզակի կոնֆերանսում բազմաթիվ ակտիվիստների, գիտնականների և կազմակերպությունների հետ միասին: Կոնֆերանսի չորս քննարկման պանելներից մեկը վերաբերում էր կրթությանը, որի ընթացքում քննարկվեց սփյուռքում պատմություն, մշակույթ և մայրենի լեզու սովորելու կարևորությունը: Հայկական Վիրտուալ Համալսարանի հիմնադիր դոկտոր Երվանդ Զորյանը ներկայացրեց, թե ինչպես կարելի է ընդառաջ գնալ սփյուռքի կրթական պահանջներին: Նշելով ՀՎՀ-ի կրթական մեծ դերը սփյուռքում հայ ինքնության պահպանման հարցում` նա փաստեց. ‹‹Յուրաքանչյուր սփյուռքում ազգային ինքնությունը պահպանելու համար մենք պետք է ուժեղացնենք օնլայն կրթության դերը: Մենք տարիներ շարունակ կրթում ենք հայ սերունդների, սովորեցնում նրանց հայոց լեզու, հայ մշակույթ և պատմություն` կիրառելով նորագույն տեխնոլոգիաները կրթության մեջ, և ըստ այդմ պարտավորվում պահպանել մեր ազգային ինքնությունը››: Դոկտոր Զորյանը ՀՎՀ-ի` հայկական սփյուռքի հետ աշխատելու լայն փորձառությամբ կիսվեց ներկաների հետ: Համաժողովն ամփոփեց իր աշխատանքը` ընդգծելով կրթության մեծ կարևորությունը Եվրոպայում ներկայումս գոյություն ունեցող սփյուռքերի համար: