login
Հոդվածներ
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը ներկայացվեց զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին Երևանի քաղաքապետարանի շենքում 06/23/2016
Հունիսի 2-ին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ), Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, կազմակերպեց իր էլեկտրոնային գրքի՝ «Բացահայտենք Երևանը. հայացք դեպի քաղաքի անցյալը և ներկան», շնորհանդեսը Երևանի քաղաքապետարանի շենքում: Շնորհանդեսը, որ հատուկ կազմակերպվել էր Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար, հյուրընկալեց ակտիվ գործունեություն ծավալող շուրջ 50 առաջատար ընկերություններին և կազմակերպություններին, վերջիններիս թվում էին՝ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն, ՀՀ զբոսավարների ասոցիացիան և Հայաստանի տուրիզմի ինստիտուտը, ինչպես նաև հյուրանոցային և զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչները: Քաղաքապետարանի հետ համագործակցությամբ մշակված այս էլեկտրոնային գիրքը ՀՎՀ-ի առաջամարտիկ մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքի երկրորդ հավելումն է: Այն լսարանին է ներկայացնում տեղեկություններ քաղաքի պատմական, հասարակական և ժողովրդագրական անցյալի ու ներկայի մասին և մշակված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են այցելել Երևան կամ պարզապես ծանոթանալ քաղաքին: Հատկապես ուշադրության են արժանի գրքում առաջարկվող մեկօրյա կամ վեցօրյա շրջագայությունները և արշավները, որոնք կօգնեն այցելուներին հնարավորինս ճիշտ և արագ կազմակերպել իրենց ժամանակը Երևանում և քաղաքի շրջակայքում: Խոսելով այն օգտակար տեղեկությունների մասին, որ տուրօպերատորները և զբոսաշրջիկները կգտնեն այս զբոսաշրջային ուղեցույցում՝ ՀՎՀ հիմնադիր և նախագահ դոկտոր Երվանդ Զորյանն իր երախտագիտությունը հայտնեց Երևանի քաղաքապետարանին՝ ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես նաև քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին: Նա նաև նշեց. «Երևանի քաղաքապետարանը մշտապես մեր նախաձեռնությունների կողքին է, ինչը մեզ ոգեշնչում է և, մենք կարծում ենք, որ այս էլեկտրոնային գիրքը կարևոր է ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև Երևան քաղաքի զբոսաշրջային արդյունաբերության զարգացման և վիրտուալ տիրույթում քաղաքի ներկայացման համար»: Շնորհանդեսի ընթացքում ներկաները նաև տեղեկացան գրքում ներառված ծրագրերի բազմազանության, սոցիալ-մշակութային միջոցառումների, տեսանյութերի, ինտերակտիվ քարտեզների, վիրտուալ շրջագայությունների, պատկերասրահների, եռաչափ և համայնապատկերային նկարների, գրքի աուդիո հնարավորության մասին: Դոկտոր Զորյանը հավելեց նաև, որ գիրքն ընդարձակ լսարանի համար հասանելի կլինի ոչ միայն իր բազմալեզու տարբերակների (արևելահայերեն և արևմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և թուրքերեն), այլ նաև բազմապիսի մոբայլ համակարգերի (iOS և Android սմարթֆոներ, տաբլետներ և համակարգիչներ) շնորհիվ: Տիկին Բարաղամյանն իր հերթին նշեց, որ այս նորարարական զբոսաշրջային արտադրանքը քաղաքապետարանի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի միջև արդյունավետ համագործակցության արդյունքն է. «Երևան քաղաքի պատմության թանգարանի, քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետները համախմբեցին իրենց ջանքերը՝ օգնելով ՀՎՀ-ին պատրաստելու այս էլ. գիրքը: Արդյունքում 2797-ամյա մեր քաղաքը կարող ենք այսօր աշխարհին ներկայացնել նորարարական լուծումներով՝ որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն»: «Բացահայտենք Երևանը» գիրքը կարելի է անվճար ներբեռնել համակարգիչների և մոբայլ համակարգերի վրա Apple iBooks Store-ից, Joomag-ի կայքից և մոբայլ հավելվածից, ՀՎՀ-ի կայքից (www.avc-agbu.org) և ՀԲԸՄ-ի օնլայն գրախանութից (www.agbubookstore.org), ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի զբոսաշրջության բաժնից (www.yerevan.am): «Բացահայտենք Երևանը» էլ. գրքի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար սեղմեք այստեղ. https://www.avc-agbu.org/en/virtual_experience/eBook_trailer/2.html: