Ընտանիք և դպրոց. հայկական կրթություն «կառուցելու» լավագույն համադրությունը
10/04/2015
Հայկական կրթություն «կառուցելու» լավագույն ճանապարհը սկսվում է ընտանիքից: Շատ կարևոր է, որ ավագ սերունդն իր վրա վերցնի կրտսեր սերնդին հայկական ավանդույթները, մշակույթը, հավատքն ու լեզուն փոխանցելու պատասխանատվությունը: Հայր Աբրահամ Հակոբյանն ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգից Հայկական վիրտուալ համալսարանին միացավ 2014թ. աշնանային ուսումնական շրջանից: Նրան անչափ հետաքրքրում էր ՀՎՀ-ի ծրագիրը և ակտիվ մասնակցում էր ՀՎՀ-ի արևելահայերենի ու պատմության դասընթացներին: Արդյունքում, նա հիմնեց ընտանեկան հիբրիդ դպրոց, որի առաջին ուսանողներն իր չորս երեխաներն էին:
Հայր Աբրահամի ընտանիքը սերնդեսերունդ ծառայել է Աստծուն: Սակայն, երբ աշխարհն ավելի աշխարհիկ սկսեց դառնալ, Հակոբյանի ազգականները կանգնեցին իրենց ընտանիքի, կրոնի և մշակույթի հետ կապերը կորցնելու վտանգավոր իրականության առջև: Հայր Աբրահամը հիշում է. «Տարիներ շարունակ մենք փորձում էինք գտնել մի այնպիսի ճանապարհ, որին հետևելով մեր երեխաները և ապագա սերունդները կբարգավաճեին, ճանապարհ, որ մեզ բոլորիս կտար միասին լինելու և միասին աշխատելու, մեր մշակույթը, պատմությունը, ավանդույթները, լեզուն, և որ ամենակարևորն է` մեր հավատքը, միասին պահելու միջոցներ»:
ՀՎՀ-ի կրթական հիբրիդ մեթոդը դարձավ այն միջոցը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին հայկական հիբրիդ դպրոց հիմնել Հյուսիսային Կարոլինայի լեռներում: Հայր Աբրահամի չորս երեխաները` Ռութ Քրիստինա Հակոբյանը, Ջեյկոբ Ջոն Հակոբյանը, Առավակ Ջոն Հակոբյանը, Մալեկ Քրիստինա Հակոբյանը, այժմ մասնակցում են ՀՎՀ-ի արևելահայերեն սկսնակների համար դասընթացին` ՀՎՀ-ի կրթական հիբրիդ մոդելը որդեգրած Արքայություն հայկական դպրոցում:
2015թ. հոկտեմբերին Արքայություն հայկական դպրոցի աշակերտները սկսեցին ՀՎՀ-ի ծանոթացման շաբաթը, որի ընթացքում ՀՎՀ-ի թիմը օնլայն հանդիպեց վերջիններիս հետ` ողջունելու նրանց մուտքը ՀՎՀ-ի մեծ ընտանիք: Այսպիսով, սկիզբը դրված էր…
Հայր Աբրահամը, նախապես մասնակցելով ՀՎՀ-ի դասընթացներին որպես ուսանող, կարող էր իր ձեռքբերած գիտելիքները և փորձն օգտագործել արդեն որպես դպրոցի ուսուցիչ: Ընտանիքի և դպրոցի առաջնորդը վստահ է, որ դպրոցը փայլուն ապագա է ունենալու. «Շատերն իմ ընտանիքում հետաքրքրված են այս դասընթացներով: Ես լսել եմ նաև, որ հայկական համայնքներից շատերը ցանկություն են հայտնել կապ հաստատել ինձ հետ: Եթե դա իսկապես իրականություն դառնա, ես ուրախ կլինեմ օգնել նրանց: Թո՛ղ, որ այս նախաձեռնությունը հաջողություն ունենա Փառք Հո՛ր, Որդո՛ւ և Սուրբ Հոգո՛ւ, մի՛շտ:»
Արքայություն հայկական դպրոցի միջոցով Հայր Աբրահամը գտավ Հյուսիսային Կարոլինայի լեռներում հայկական ինքնությունը պահպանելու լավագույն ճանապարհը` ևս մեկ անգամ բարձրաձայնելով հայկական սփյուռքում հայկական կրթության անհրաժեշտության մասին: