login
Հոդվածներ
ՀՀ-ում ապաստան գտած միգրանտների և փախստականների առաջին խումբն ավարտեց ՀՎՀ-ի լեզվի դասընթացը 10/07/2018

ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՎՀ-ի միջև ստորագրված փոխըմբռման հուշագրի շրջանակներում ՀՎՀ-ն հայոց լեզվի դասընթացներ կազմակերպեց ՀՀ-ում ապաստան գտած միգրանտների և փախստականների համար: Առաջին խմբի ուսանողները հաջողությամբ ավարտեցին 60-ժամյա դասընթացը և ստացան իրենց ավարտական վկայականները:

Ծրագրի մեկնարկը տրվեց 2018 թվականի հունիսին, որին մասնակցեց ավելի քան 20 ուսանող, այդ թվում՝ հայեր Իրաքից և Սիրիայից: Շաբաթական 1 օր կազմակերպվող դասընթացները վարում էր ՀՎՀ-ի հեռավար ուսուցչուհի Անի Դեկիրմենչյանը: Ուսանողները բաժանվել էին երկու խմբի՝ ըստ լեզվի իմացության մակարդակի, իսկ ուսումնական ծրագիրն իր մեջ ներառում էր ավանդական և օնլայն կրթության առանձնահատկությունները:

«Երբ իմ կինը և ես սկսեցինք դասընթացը, հայերեն որոշ բաներ հասկանում էինք, բայց չէինք կարողանում խոսել», - ասաց Իվան Գևորգյանը, ում ընտանիքը Հայաստան էր եկել Իրաքից: ՀՎՀ-ի դասընթացը նպաստեց նրանց սոցիալական ինտեգրմանը հայրենիքում: «Հիմա ես կարողանում եմ հայերենով ավելի լավ հաղորդակցվել իմ առօրյա կյանքում, գործընկերներիս հետ աշխատավայրում, հեռախոսով խոսելիս», - հավելեց Իվանը:

Ծրագրի հաջողության մի մասն արդյունքն էր օնլայն կրթության ոլորտում ՀՎՀ-ի ունեցած փորձառության և հմտությունների: ՀՎՀ-ն այս ուսանողների համար կազմակերպեց նաև հետաքրքիր միջոցառումներ, ինչպես օրինակ, այցելություն Մատենադարան, նրանց օգնելու ավելի լավ ճանաչել Հայաստանը, հայկական հարուստ մշակույթը և պատմությունը: