Սիդնեյի շաբաթօրյա վարժարանում կմեկնարկի հիբրիդ կրթության դասընթացը
12/19/2017
Սիդնեյի շաբաթօրյա վարժարանում ուսումնական տարին կսկսվի ՀՎՀ հիբրիդ ծրագրի հայոց լեզվի դասընթացով:
2017թ. հոկտեմբերին ՀՎՀ-ի ներկայացուցիչ Միհրան Լեփեջյանը ՀՎՀ-ի ծրագրերը ներկայացրեց Սիդնեյի շաբաթօրյա վարժարանում, ինչն էլ դրական արձագանք ստացավ դպրոցի տնօրենի և ուսուցիչների կողմից։ Նախ որոշվեց ուսանողներին տրամադրել փորձնական դասընթաց (արևմտահայերենի առաջին մակարդակը), որն ավարտվեց դեկտեմբերի կեսերին։
2017թ. նոյեմբերի 4-ին ՀՎՀ հիմնադիր և նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը և ՀՎՀ կրթական բաժնի տնօրեն Հասմիկ Խալափյանը մասնակցեցին ծնողների հետ առցանց հանդիպմանը, որի ընթացքում խոսեցին ՀՎՀ-ի հիբրիդ ծրագրի, օնլայն դասընթացների և կրթության գործիքների մասին և պատասխանեցին բազմաթիվ հարցերի։ Ծնողները նաև հնարավորություն ունեցան ներկա գտնվել օնլայն դասընթացին, և նրանցից շատերի կարծիքով ՀՎՀ ծրագիրը շատ լավ միջոց է հայերեն սովորելու համար։ Շաբաթօրյա վարժարանի ավարտական համերգին հայտարարվեց, որ հաջորդ ուսումնական տարում` 2018թ. փետրվարին, վարժարանում կմեկնարկի ՀՎՀ կրթության ծրագիրը։ Նախորդ հանդիպմանը մասնակցած ծնողներից մեկը խոսեց Հայկական վիրտուալ համալսարանի մասին։ ՀՎՀ դասերի նկարները, տեսանյութերը ցուցադրվեցին ավելի քան 110 հյուրերի համար։
Սա թվով երրորդ դպրոցն է Ավստրալիայում, որ մասնակցելու է ՀՎՀ հիբրիդ ծրագրին։ «Լույս» հայկական շաբաթօրյա դպրոցը ծրագրին միացել է 2017թ. աշնանը։ Ուսանողները հաջողությամբ ավարտել են արևմտահայերենի դասընթացը (սկսնակների մակարդակից մինչև խոսակցական մակարդակ)։ Մեկ այլ հիբրիդ խումբ Գոլստըն (Գալստյան) ճեմարանից մասնակցում էր արևմտահայերենի երեկոյան դասընթացներին։ Բոլոր դասընթացները կվերսկսվեն 2018թ. փետրվարին։