Լոս Անջելես. թե ինչպես է ՀՎՀ-ն օգնում հայերին հաղորդակցվել
04/01/2016
Լոս Անջելեսի Սուրբ Ջեյմս եկեղեցուն կից գործող հայկական դպրոցի և Հայկական վիրտուալ համալսարանի միջև համագործակցությունը սկսվեց 2014 թվականին, երբ դպրոցի տնօրինությունը դիմեց ՀՎՀ-ին՝ վերջինիս օնլայն դասընթացները դպրոցի ուսումնական ծրագրում ներառելու նպատակով: ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագիրն իր նորարարական և գրավիչ մեթոդներով ամբողջովին համապատասխանում էր կիրակնօրյա դպրոցի պահանջներին:
Կիրակնօրյա դպրոցի տեսուչ Գեյլ Չելեբյանը ՀՎՀ-ի մասին տեղեկացել էր համացանցից: Նա ցանկանում էր դպրոցում հայոց լեզվի դասավանդման ծրագրի համար մշակել մի մեթոդ, որը կմեկտեղեր ավանդական և օնլայն կրթության առավելությունները: Շուտով, վերապատրաստման փուլից հետո, ՀՎՀ-ի հայոց լեզվի օնլայն դասընթացը ներկայացվեց աշակերտներին: Նրանց հնարավորություն ընձեռնվեց հայոց լեզու՝ արևելահայերեն և արևմտահայերեն, սովորել դպրոցի ուսուցչուհի Ռաքել Բարսեղյանի և ՀՎՀ-ի անգլախոս օնլայն ուսուցչուհու աջակցությամբ:
ՀՎՀ-ի միջոցով հայերեն սովորելը հետաքրքիր էր թե´աշակերտների, թե´ ուսուցիչների համար: Կիրակնօրյա դպրոցի աշակերտներից Նատալի Շեդոտը փաստում է. «ՀՎՀ-ն մեզ համար մայրենի լեզուն սովորելու հիանալի միջոց էր»: Պետեր Չելեբյանը՝ դպրոցի մեկ այլ աշակերտ, հավելում է. «Ես իմ դասընթացի էջն օգտագործում էի անգամ այն ժամանակ, երբ դասարանում չէի: Իսկապես հրաշալի ծրագիր է»: Համագործակցությունից մեկ տարի անց Սուրբ Ջեյմս կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Ռաքել Բարսեղյանը՝ ամփոփելով հիբրիդ կրթության դրական արդյունքները, ասում է. «Մեկ դասաժամի ընթացքում, 20 րոպե տրամադրելով իմ մշակած ծրագրին, 20 րոպե՝ ՀՎՀ-ի օնլայն դասերին, իմ աշակերտներն առավելագույնն էին ստանում այս երկու կրթական աշխարհներից»: Հիանալի մեթոդ է… Ուրախ ենք, որ մեր կիրակնօրյա դպրոցը որդեգրեց այն»:
ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագիրը շարունակում է ներգրավել ավելի ու ավելի շատ դպրոցների, որոնք համալրում են ՀՎՀ-ի օրեցօր աճող օնլայն համայնքը: