login
Հոդվածներ
Մեր անցյալը միշտ արտացոլված է մեր ներկայում 04/20/2015

Հարյուր տարի առաջ ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը գրել է. «Հայաստանը մահանում է, բայց կվերածնվի: Այն փոքր արյունը, որ մնացել է` չափազանց թանկ է, և կծնի նոր հերոս սերունդ: Այն ազգը, որ չի ցանկանում մահանալ, երբեք չի մահանա»: Եվ ազգը գոյատևեց ու դիմադրեց բնաջնջման բոլոր փորձերին: Այն վերակենդանացավ և ծնեց նոր սերունդներ: Ազգը կյանքի կոչվեց, բայց սարսափը երբեք չմոռացվեց: 

 

Այսօր`Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին, վերապրածներն ու նրանց թոռները չեն կարողանում անջատվել տանջալի անցյալից, և անգամ, եթե կարողանան, միևնույն է չեն ցանկանում: Նրանք շարունակում են կիսել այն ցավը, որ իրենց ներսում մնացել է գրեթե մեկ դար, որպեսզի կոտրեն լռությունը, փոխեն անտարբերությունը: Պետք է աշխարհն ընդունի, որ մի ողջ ազգ դատապարտված է եղել մահվան: 

 

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման միջոցառումների շրջանակներում ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը վերապրածների ժառանգներին հնարավորություն տվեց կենդանի պահել իրենց նախնիների պատմությունը` այն պատմելով ՀՎՀ աշխարհասփյուռ լսարանին: 

 

ՀՎՀ հավատարիմ ուսանող Սևան Վարդանյանը պատմում է իր ընտանիքի պատմությունը` խոսելով այն ցավի մասին, որի միջով անցել են նրա նախնիները 20-րդ դարի սկզբին: Սևանի պապիկը` Արթին Վարդանյանը, ծնունդով Ուրֆայից էր (Արևմտյան Հայաստանի ծաղկուն քաղաքներից մեկը): Նա ութ տարեկան էր, երբ սկսվում են հայերի զանգվածային կոտորածները: Նրա հայրը սպանվում է թուրք զինվորների կողմից: Մայրը, ինքը և երկու մանկահասակ երեխաներն աքսորվում են Սիրիայի անապատ` անցնելով Դեր Զորի կիզիչ արևի ներքո: 

 

Այսօր էլ, երբ Սևանը պատմում է իր պապիկի պատմության մանրամասները, նրա աչքերում սարսափ է պատկերվում: Պապիկը պատմում էր, որ թուրք զինվորները և քուրդ ավազակները տանջում էին կանանց և երեխաներին, այնուհետև` սպանում, որից հետո հրացանների կոթերով հարվածում էին նրանց մարմիններին, որպեսզի համոզված լինեին, որ նրանք մահացել են: Արթինի մայրը և երկու երեխաները սպանվում են: Արթինը որոշում է փախչել: Երբ նրան հարվածում են, նա մահացած է ձևանում: 

 

Այսպիսով, նա ողջ է մնում, բայց` միայնակ: Նա հաղթահարում է սովը և հիվանդությունները: Աստծո կամոք մահմեդական մի ընտանիք, որն անցնում էր անապատով, տղային տանում է իրենց վրանը և խոստանում հոգ տանել: Արթինը մեծանում է մահմեդական ընտանիքում, և երբ նա 15 տարեկան է դառնում, ընտանիքի ավագը որոշում է նրան ամուսնացնել իր աղջկա հետ: Քրիստոնեական հավատը, որ շարունակում էր ամուր մնալ հայ երիտասարդի մեջ, ստիպում է նրան փախչել մահմեդական կնոջ հետ ամուսնությունից: 

 

Այս անգամ նա հայտնվում է Սիրիայում` քրիստոնյա արաբների ընտանիքում: Արթինն ամուսնանում է Մարիամի` իր նոր ընտանիքի քրիստոնյա դստեր հետ` իր ապագա սերունդների մեջ սերմանելով հայի ոգին, մշակույթը և մտածելակերպը: 

 

Այսօր Սևանն առավել անկաշկանդ է իր ընտանիքի պատմությունը կիսում մյուսների հետ: Հայկական վիրտուալ համալսարանն էլ հստակ գիտակցում է իր կոչումը` օգնելով հայերին խոսել իրենց հիշողությունների մասին, արտահայտել իրենց ինքնությունը, այս կերպ մեղմել ցավը, նայել դեպի ապագան և հասնել ճանաչման: