login
Հոդվածներ
Փարիզի հայկական դպրոցների տնօրենները քննարկում են ՀՎՀ-ի հիբրիդ ծրագիրը 11/20/2015
Նոյեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ կատարած իր այցի ընթացքում Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր դոկտոր Երվանդ Զորյանը մասնակցեց ՀՎՀ-ին նվիրված միջոցառմանը, որը տեղի ունեցավ Փարիզի ՀԲԸՄ մշակութային կենտրոնում: Միջոցառմանը մասնակցում էին Փարիզի հայկական դպրոցների տնօրենները և ուսուցիչները: Միջոցառումը սկսվեց Ֆրանսիայի ՀԲԸՄ ներկայացուցչության ատենապետ տիկին Նադյա Գործունյանի ողջույնի խոսքով, որին հաջորդեցին տնօրենների և ուսուցիչների ելույթները, ովքեր ողջունեցին պարոն Զորյանի այցը Փարիզ: Դոկտոր Երվանդ Զորյանը խոսեց ՀՎՀ-ի առաքելության և գործունեության մասին, այնուհետև շեշտը դրեց ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրի վրա: Դոկտոր Զորյանը փաստեց բազմաթիվ հայկական դպրոցներում և համայնքային կենտրոններում ներդրված այս ծրագրի ունեցած հաջողության մասին` հատկապես նշելով օնլայն և ավանդական կրթական համակարգերի այն առավելությունները, որ համադրված են կրթական այս հիբրիդ մեթոդում: Ներկաներն անչափ հետաքրքրված էին ՀՎՀ գործունեությամբ և հատկապես շեշտեցին ՀՎՀ-ի ծրագրերի կարևորությունը ժամանակակից մեթոդներով հայոց լեզու և պատմություն սովորելու զուգահեռաբար աճող ցանկության հետ: Այս համատեքստում, ՀՎՀ-ի կրթական հիբրիդ մեթոդը կարող է ամբողջապես լրացնել առկա բացը` դպրոցներին տրամադրելով կրթություն` նորագույն մեթոդներով և մուլտիմեդիա լուծումներով: ՀԲԸՄ շաբաթօրյա դպրոցի, «Դպրոցասեր» և Հրանտ Դինքի անվան դպրոցների տնօրենները, որ ներկա էին հանդիպմանը, նույնպես առիթ ունեցան գնահատելու հիբրիդ ծրագրի առավելությունները: Նրանք առաջարկեցին հետևողական լինել այս հարցում, ևս մեկ աշխատանքային հանդիպում կազմակերպել 2016թ. հունվարին և Փարիզի հայկական դպրոցներին ներկայացնել օնլայն դասընթացներից օրինակներ, ինչպես նաև քննարկել իրենց դպրոցներում հիբրիդ կրթության ներմուծման տարբերակները: Հանդիպումն ավարտվեց ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրի մասին իրազեկվածությունը բարձրացնելու և նոր դպրոցների հետ համագործակցելու խոստումնալից նոտայով: