ՀԲԸՄ ՀՎՀ-ում կավելանա պորտուգալերենով դասավանդվող հայոց լեզվի դասընթաց
10/10/2023
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանում հայոց լեզվի առցանց ծրագրին կավելանա դասավանդման նոր լեզու։ Անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով, իսպաներենով, թուրքերենով, արևելահայերենով և արևմտահայերենով դասավանդվող հայոց լեզվի դասընթացների հետ մեկտեղ առցանց սովորող ուսանողներն այժմ կունենան հնարավորություն գրանցվել պորտուգալերենով դասավանդվող դասընթացներին։
Հաշվի առնելով ՀԲԸՄ ՀՎՀ-ի՝ հայերենի կրթությունը աշխարհում բոլորին հասանելի դարձնելու առաքելությունը՝ նոր լեզվի ընտրությունը պատահական չէր։
Մեծ թվով հայեր ապրում են պորտուգալախոս երկրներում, և սա եզակի հնարավորություն կընձեռի նրանց սովորել հայերեն և ամրապնդել կապն իրենց արմատների ու մշակութային ժառանգության հետ։ Պորտուգալերենը նույնպես աշխարհում ամենաշատ գործածվող լեզուների տասնյակում է, և մոտ 230 միլիոն լեզվակիրներ այժմ կարող են օգտվել ՀԲԸՄ ՀՎՀ առցանց դասընթացներից։
Սա լավ նորություն է ոչ միայն պորտուգալախոսների համար, այլ նաև համայնքների և այլ կրթական հաստատությունների համար։ ՀԲԸՄ ՀՎՀ հիբրիդային կրթական ծրագիրը հատուկ նախագծված է դպրոցների, համալսարանների և համայնքային խմբերի համար։ Այն հաջողությամբ կիրառվել է 58 կրթական հաստատությունների կողմից և կշարունակի կիրառվել նոր դպրոցներում և համալսարաններում, որտեղ ուսանողները կարող են ընտրել պորտուգալերենը՝ որպես դասավանդման լեզու։
Պորտուգալերենը ՀԲԸՄ ՀՎՀ-ի դասավանդման լեզուների ցանկում ավելացնելու գաղափարն իրագործվել է ՀԲԸՄ-ի և Բրազիլիայի համագործակցության շնորհիվ: Հայոց լեզվի՝ պորտուգալերենով դասավանդվող դասընթացի տեխնիկական մասն արդեն ամբողջական է։ Ծրագիրը կմեկնարկի 2024 թվականին։
Կարող եք դիտել հետևյալ տեսահոլովակը գրանցման մանրամասներին ծանոթանալու համար։