Արցախի պետնախարարը հանդիպել է ՀԲԸՄ ՀՎՀ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վիրտուալ կրթության հնարավորությունները
11/05/2021
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը և նրա գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանը 2021 թվականի նոյեմբերի 1-ին հանդիպել են ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ, դոկտոր Երվանդ Զորյանի և Սիլիկոնյան հովտում գտնվող ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Կուպերտինոյի Սուրբ Անդրեա հայկական եկեղեցու սրահում։ Այն նվիրված էր Արցախում կրթության ներկայի և, որ ավելի կարևոր է, ապագայի վերաբերյալ կարծիքների փոխանակմանը, ինչպես նաև ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի կողմից տրամադրվող վիրտուալ կրթության հնարավորությունների ուսումնասիրմանը՝ ի նպաստ Արցախում տեխնոլոգիական զարգացմանն ու տնտեսական աճին։
Թիմերը քննարկեցին ՀՎՀ-ի ծրագրերը համակարգված օգտագործելու և համագործակցության լայն ներուժը, անդրադարձան ՀՎՀ-ի էլեկտրոնային ուսուցման հարթակի միջոցով առաջարկվող առցանց դասընթացները Արցախի դպրոցների և բուհերի ուսումնական ծրագրերում ներառելու նախագծին։ Արդյունքում նորարարական ուսուցումը հասանելի պետք է դառնար ուսանողների և ինքնակրթությամբ զբաղվողների համար։
Այսպես, «Արհեստական բանականություն» դասընթացը կներդրվի Արցախում՝ որպես առաջին կրթական ծրագիր՝ ուղղված ավագ դպրոցներում STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կրթության խթանմանը։ Դասընթացը նախաձեռնվել է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի կողմից, մշակվել է Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության և Սինոփսիս Արմենիայի կողմից՝ իլիկոնյան հովտի առաջատար ՏՏ ընկերությունների փորձագետների աջակցությամբ:
Էլեկտրոնային ուսուցման ժամանակակից լուծումներով հարստացված մուլտիմեդիա տեսադասերը հասանելի կլինեն ՀՎՀ-ի էլեկտրոնային ուսուցման հարթակում: Պիլոտային ծրագիրը կներդրվի Արցախի երկու ավագ դպրոցներում։ ՀՎՀ-ն կկազմակերպի և կաջակցի էլեկտրոնային ուսուցման գործընթացին իր հիբրիդ կրթության ծրագրի շրջանակներում: