ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանն այցելեց Ստամբուլի հայկական համայնք
07/10/2019
2019թ. հուլիսին ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ դոկտ. Զորյանն այցելեց Ստամբուլ, որտեղ հանդիպումներ ունեցավ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի և հայկական համայնքի ականավոր անդամների հետ: Հայոց պատրիարքի հետ հանդիպման ընթացքում դոկտ. Զորյանը խոսեց ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի առցանց կրթության հնարավորությունների մասին, որոնք հասանելի են սփյուռքի դպրոցների և համայնքների համար: ՀՎՀ-ում դասավանդման 7 լեզուներից մեկը թուրքերենն է, ավելին, համալսարանի մուլտիմեդիա էլ. գրքերը կարելի է ներբեռնել և կարդալ նաև թուրքերեն լեզվով:
«ՀՎՀ-ի դասընթացներն ունեն տարբեր մակարդակներ, ուսանելու համար մատչելի են և գրավիչ: Հեռավար դասախոսները միշտ պատրաստ են օգնել և պատասխանել հարցերին, ինչպես գրավոր՝ էլ. նամակով, այնպես էլ բանավոր՝ տեսակապով հանդիպումների ընթացքում: Երբ հայրենիքից դուրս ես ապրում, լեզուն «կորցնելու» վտանգ միշտ կա: Այս առումով ՀՎՀ-ն հայերեն սովորելու և խոսելու հիանալի հնարավորություններ է տալիս»,-ասաց Ստամբուլում բնակվող ՀՎՀ-ի ուսանող Քեթրին Բոյաջօղլուն:
Եպիսկոպոս Մաշալյանն իր լավագույն մաղթանքները հղեց դոկտ. Զորյանին և ՀՎՀ-ին՝ հայկական ժառանգությունն աշխարհում տարածելու կարևորագույն առաքելության իրականացման գործում:
Համայնքի առաջնորդ Սարգիս Չավուշյանի ուղեկցությամբ դոկտ. Զորյանն այցելեց հայկական կազմակերպություններ և հանդիպեց վերջիններիս ղեկավարների, այդ թվում՝ Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի և տնօրեն դոկտ. Արմենակ Մեծատուրյանի հետ: Նա այցելեց «Ժամանակ», «Մարմարա» և «Փարոս» հայկական գլխավոր պարբերականների խմբագրատներ և հանդիպեց, համապատասխանաբար, գլխավոր խմբագիրներ Արա Քոչունյանի, Ռոբեր Հաթեճյանի և Մայդա Սարիսի հետ: Քննարկվեցին ՀՎՀ-ի և հայկական համայնքի համագործակցության հնարավորությունները:
2019թ. սեպտեմբերին Ստամբուլի Սահակյան-Նունյան հայկական վարժարանի աշակերտները և ուսուցիչները Հայաստան կատարած այցի շրջանակներում եղան ՀՎՀ-ի գրասենյակում՝ ծանոթանալու համալսարանի գործունեությանը: