Հայերենի նոր դասընթացն արդեն հասանելի է
01/13/2020
2020թ. հունվարի 13-ին ՀՎՀ-ում մեկնարկեց ձմեռային ուսումնական շրջանը, որի շրջանակներում նորովի ներկայացված լեզվի դասընթացը հասանելի դարձավ արևելահայերեն և արևմտահայերեն սովորող անգլախոս 58 ուսանողների համար։ Դասընթացն իր մեջ ներառում է ՀՎՀ-ի տարիների լավագույն փորձառությունը և լեզվի ուսուցման նորարարական լուծումները:
Առցանց նոր դասընթացը հարուստ է ձայնա- և տեսա- բովանդակությամբ, ինտերակտիվ վարժություններով և ուսուցողական այլ նյութերով։ Այս կերպ, ակադեմիական բարձր չափանիշները համադրելով կրթական արդի մուլտիմեդիա միջոցների հետ, դասընթացն իր ձևաչափով առավելագույնս համապատասխանեցվեց մերօրյա ուսանողների պահանջներին։
Այժմ ՀՎՀ-ի կրթական ծրագրի թիմը շարունակում է իր աշխատանքները, որպեսզի հաջորդ ուսումնական շրջանի ընթացքում դասընթացը հասանելի լինի իր մակարդակներով և դասավանդման մյուս լեզուներով։ Այսօր արդեն ՀՎՀ-ն բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել իր ուսանողներից։
«Ես շատ սիրեցի նոր երկխոսությունները: Այն, որ յուրաքանչյուր նախադասությունից հետո դադար կա, շատ կարևոր մոտեցում է հատկապես սկսնակ ուսանողի համար»։
«Ինձ շատ դուր եկավ դասընթացի այս նոր տարբերակը, շատ սիրեցի անիմացիաները, նոր բառապաշարը և ուսումնական նյութերը ներբեռնելու հնարավորությունը»։
«Հիանալի աշխատանք է կատարված։ Կշարունակեմ ուսումնասիրել նոր դասերը»։