login
Հոդվածներ
ՀՎՀ-ի շախմատի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը ներկայացվեց Լոնդոնում 11/10/2019

2019թ. նոյեմբերին ՀՎՀ-ի շախմատի ուսուցիչների վերապատրաստման առցանց ծրագիրը ներկայացվեց Լոնդոնում կայացած «Շախմատ և կրթություն» խորագրով 7-րդ միջազգային գիտաժողովի ընթացքում: ՖԻԴԵ-ի շախմատի համաշխարհային ֆեդերացիայի, Շախմատի եվրոպական միության և այլ ազդեցիկ կազմակերպությունների հովանավորությամբ անցկացվող այս խոշոր իրադարձությանը ներկա էին մասնակիցներ 32 երկրներից:

 

ՀՎՀ-ի ներկայացուցիչ Սարգիս Մազմանյանը խոսեց շախմատի՝ որպես կրթական համակարգի բաղադրիչի, և, առավելապես, ուսուցիչների վերապատրաստման ծրագրի առանձնահատկությունների ու հիմնական առավելությունների մասին:

 

Նորարարական այս ծրագիրը ՀՎՀ-ի և Հայաստանի շախմատի ակադեմիայի միջև ձևավորված երկարատև համագործակցության արդյունքն է: Ծրագրի մշակման աշխատանքներին մասնակցել են երկրի շախմատային կրթության և մանկական հոգեբանության ոլորտի առաջատար փորձագետները: Այն ներառում է նաև ՀՎՀ-ի շախմատի առցանց դասընթացը, որը նույնպես մշակվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ:

 

Ծրագրի հիմքում շախմատ առարկայի դասավանդման գործնական և մեթոդական հիմունքներն են: Տեսադասերը հագեցած են ինտերակտիվ վարժություններով, ինչպես նաև իրական ուսումնական օրինակներով այն դպրոցներից, որոնք իրենց ուսումնական ծրագրում օգտագործում են ՀՎՀ-ի շախմատի առցանց դասընթացները:

 

Վերապատրաստման ծրագրի ներկայացումը մեծ հետաքրքրություն առաջացրեց: ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի ղեկավար, Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանն այնուհետև պատասխանեց մասնակիցների հարցերին:

 

Ավելի վաղ՝ 2019թ. մայիսին, վերապատրաստման այս ծրագիրը ներկայացվել էր Ծաղկաձորում տեղի ունեցած «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողովին: