login
Հոդվածներ
Հայկական վիրտուալ համալսարանը և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել են կրթական վեբինարների շարք 01/25/2022

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ սկսել է վեբինարների շարք ՀՎՀ-ի Համահայկական կրթական ֆորումի հարթակում:

 

Շարքի նպատակն է ներկայացնել մանկավարժության և կրթության ժամանակակից թեմաներն ու համաշխարհային միտումները և հատկապես նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ընդլայնել և ամրապնդել իրենց մասնագիտական գիտելիքները:

 

Առաջին առցանց վեբինարը տեղի ունեցավ 2022 թվականի հունվարի 22-ին։ Պատմաբան և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի (ՊՀԱԹ) փոխտնօրեն Վահե Սարգսյանը ներկայացրել է նոր հնագիտական բացահայտումներ և փաստեր Վանի թագավորության և ուրարտական խոշոր քաղաքների պատմության և մշակույթի վերաբերյալ։

 

Հարյուրից ավելի ուսուցիչներ, փորձագետներ, ուսանողներ և հայագիտությամբ հետաքրքրված մարդիկ մասնակցեցին ինտերակտիվ և ուշագրավ քննարկմանը, ուղղեցին հարցեր և առաջարկություններ: «Շնորհակալությո՛ւն հետաքրքիր և բովանդակալից վեբինարի համար: Հուսանք` հնագիտական [վերջին] գտածոների լուսանկարները կներառվեն հայոց պատմության դասագրքերում»։

 

«Այս նախաձեռնությունը շատ կարևոր է, շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին և աջակիցներին, ովքեր այս դժվարին ժամանակաշրջանում փորձում են իրենց լուման ներդնել հայ մշակույթի և կրթության զարգացման դժվարին գործում», - ասաց MօESCS-ի Սփյուռքի բաժնի ղեկավար Կարեն Մնացականյանը։

 

Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ, դոկտ․ Ե․ Զորյանը նշեց վեբինարների կարևորությունը. «Այն տվյալները, որոնցով կիսվեցիք մեզ հետ այսօր, շատ կարևոր են և պետք է լայն տարածում գտնեն։ Այս առումով դուք այսօր շատ կարևոր աշխատանք կատարեցիք՝ գիտական նյութը մեզ հանրամատչելի ներկայացնելով։ Սա է այս վեբինարների նպատակը, որը մենք նախատեսում ենք շարունակել առաջիկա ամիսներին»:

 

Վեբինարների շարքը Հայկական վիրտուալ համալսարանի կրթական ֆորումի հարթակում պարբերաբար իրականացվող ծրագրերի և միջոցառումների մի մասն է, առցանց համայնք, որը համախմբում է շուրջ 1500 ուսուցիչների և մանկավարժների Հայաստանից և Սփյուռքից: Կրթական ֆորումը զգալի հնարավորություններ է ընձեռում մասնակիցներին` մասնագիտական կապեր հաստատելու և արժեքավոր փորձի փոխանակման համար, ինչը հատկապես կարևոր է, երբ հաշվի ենք առնում առցանց ուսուցման և հաղորդակցության աճող ազդեցությունը:

Առցանց միջոցառումների բոլոր ռեսուրսները, հղումները և ձայնագրությունները հասանելի են PAEF հարթակում գրանցված մեր մասնակիցների համար: