Հարավային դաշնային համալսարան. ՀՎՀ-ի հետ համագործակցող 40-րդ ուսումնական հաստատություն
03/02/2021
Սույն թվականի փետրվարին ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի և Հարավային դաշնային համալսարանի միջև ձևավորված համագործակցությամբ ՀՎՀ-ն ընդլայնեց Ռուսաստանում դպրոցների և հայկական համայնքների հետ սկիզբ առած երկարամյա գործունեության շրջանակը: Համալսարանում վերջերս բացված հայագիտական կենտրոնը կդառնա ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրին միացած 40-րդ ուսումնական հաստատությունը:
Կենտրոնը ստեղծվել է Դոնի Նախիջևանի հայ համայնքի հետ սերտ գործընկերությամբ՝ որպես տարածաշրջանում հայագիտական հետազոտությունների կենտրոն: Փետրվարի 18-ին Հարավային դաշնային համալսարանի Սոցիոլոգիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ բացման արարողությունը, որի ընթացքում տեսաուղերձով հանդես եկավ ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտ. Երվանդ Զորյանը: Նա մասնավորապես նշեց. «Այսօր արդեն շուրջ 17.500 ուսանող 112 երկրներից և 39 ուսումնական կենտրոն ու համայնք ամբողջ աշխարհից միացել են մեր կրթական ծրագրին: Մեծ ուրախությամբ ենք ազդարարում թվով 40-րդ գործընկերության մեկնարկը: Լիահույս եմ, որ Հարավային դաշնային համալսարանի հետ ձևավորված այս համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ»:
ՀՎՀ-ի «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մագիստրոսական ծրագրի շրջանակներում Հարավային դաշնային համալսարանի ուսանողները հնարավորություն կստանան ուսումնասիրելու հայ ժողովրդի լեզվաբանական, պատմական և մշակութային առանձնահատկությունները՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր:
Դոնի Ռոստովի հայ համայնքի հետ ՀՎՀ-ի համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 2011 թվականին: Ցայսօր, տարբեր տարիքի բազմաթիվ ուսանողներ մասնակցել են ՀՎՀ-ի առցանց դասընթացներին: Ներկայումս ուսանողների ևս երկու խումբ, որի թիվն աճման միտում ունի, հայերեն է սովորում՝ ընտրելով ռուսերենը որպես դասավանդման լեզու: Դասընթացի տարբեր մակարդակները դասավանդում են երկու ուսուցիչներ Դոնի Ռոստովից, ովքեր հաջողությամբ ավարտել են ՀՎՀ-ի ուսուցիչների վերապատրաստման փուլը:
ՀՎՀ-ի նորարարական, մուլտիմեդիա առցանց ռեսուրսները ևս մեկ անգամ փաստեցին, որ արդյունավետ աղբյուր են սփյուռքում հայկական մշակույթը և լեզուն պահպանելու և խթանելու համար, հատկապես այսպիսի դժվարին ժամանակներում: