login
Հոդվածներ
Հայկական վիրտուալ համալսարանը մասնակցում է WCIT 2019 համաժողովին 10/09/2019

Հայկական վիրտուալ համալսարանն իր առցանց կրթության եզակի ծրագիրը, մուլտիմեդիա էլ. գրքերը և կրթական նորարարական միջոցները ներկայացրեց ՏՏ ոլորտի համաշխարհային համաժողովին, որը տեղի ունեցավ Երևանում, 2019թ. հոկտեմբերի 7-9-ը: 

 

Համաժողովին մասնակցեցին բնագավառի 2500-ից ավելի առաջնորդներ, փորձագետներ և բարձրաստիճան պաշտոնյաներ աշխարհի 70 երկրից: Հայաստանի կառավարության և տեխնոլոգիական կազմակերպությունների համար այն հիանալի հարթակ դարձավ՝ ցուցադրելու երկրի ձեռքբերումները և տարբեր ոլորտներում նորարարական տեխնոլոգիական լուծումներ մշակելու հայկական ներուժը: ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը WCIT 2019 համաժողովին հրավիրված էր որպես խոսնակ:

 

ՀՎՀ-ի կրթական մուլտիմեդիա արտադրանքը ներկայացված էր համաժողովի հովանավոր ՀԲԸՄ Հայաստանի, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության տաղավարներում: ՀԲԸՄ Հայաստանը ցուցադրում էր իր ծրագրերը, որոնք միտված են խթանելու հայոց լեզվի, պատմության և մշակույթի տարածմանն ամբողջ աշխարհում:  ԿԳՄՍ նախարարության տաղավարում նորարարական կրթություն տրամադրող առաջատար ուսումնական հաստատություններն էին՝ ՀՎՀ, ՀԱՀ, ԹՈՒՄՈ կենտրոնը և ԱՐՄԱԹ լաբորատորիաները: 

 

«Մեր նպատակն է ունենալ կրթված, ստեղծագործ և ակտիվ քաղաքացի: Մենք խրախուսում ենք, որ երիտասարդները լինեն նորարար», - իր խոսքում նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

 

«Նախարարությունը համաժողովին մասնակցում է շատ հետաքրքիր մի տաղավարով, որտեղ իրենց տեխնոլոգիական լավագույն ձեռքբերումներն են ներկայացնում կրթական առաջատար հաստատությունները՝ ներառյալ ՀՎՀ-ն: Հայաստանի ուժեղ կողմերը ցուցադրելու այս հիանալի հնարավորության համար մենք շնորհակալ ենք հայկական կառավարությանը, մասնավորապես՝ կրթության նախարարությանը», - ասաց դոկտ. Զորյանը:

 

ՀՎՀ-ի տաղավարը գրավեց բազմաթիվ այցելուների և լրատվամիջոցների ուշադրությունը: ՀՎՀ-ն ներկայացրեց իր առցանց դասընթացները, մուլտիմեդիա էլ. գրքերը, նաև օրինակներ ԳՏՃՄ (STEM) ոլորտում վերջերս կատարած աշխատանքներից: Ինչպես նշեց դոկտ. Զորյանը. «Հայաստանում մասնագիտացված ուսուցիչների և լաբորատորիաների բացը լրացնելու համար մենք ստեղծեցինք լրացված իրականության (AR) լաբորատորիաներ, որոնք հասանելի կլինեն ամբողջ աշխարհում»: