Դել Վալլե ավագ դպրոցի աշակերտները ստանում են ՀՎՀ-ի դիպլոմ հայոց պատմության դասընթացի համար
05/20/2022
ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) և Օսթինի «Global Scholars Diploma» ծրագրի համագործակցությունը տալիս է իր առաջին արդյունքները: 2021-2022թթ․ ուսումնական տարում Դել Վալլե ավագ դպրոցի աշակերտները ծանոթացան հայոց պատմությանը՝ մասնակցելով ՀՎՀ-ի առցանց դասընթացին։ Քսան ուսանողներից վեցը ավարտեցին հայոց պատմության ամբողջական ծրագիրը և ստացան ՀՎՀ-ի դիպլոմ։
2022 թվականի մայիսի 18-ին դիպլոմների հանձնման արարողությունը տեղի ունեցավ առցանց՝ ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանի, ՀՎՀ-ի համագործակցության և գործառնական թիմի ղեկավար Արփինե Թավաքալյանի և ավագ հեռավար դասախոս Անի Դեկիրմենչյանի մասնակցությամբ, ով ուղղորդում էր ուսանողներին ուսումնառության ողջ ընթացքում:
ՀՎՀ-ի պատմության դասընթացը ներառված էր «Միջազգային կրթություն և ցեղասպանության իրազեկում» ծրագրում։ Վերջինս մեկնարկեց ՀԲԸՄ ՀՎՀ-ի և Օսթինի «Global Scholars Diploma» ծրագրի համագործակցության արդյունքում 2021 թվականի օգոստոսին: Այս ծրագրի շրջանակներում ևս երեք միջազգային դպրոցներում ուսանողները սովորեցին հայ ժողովրդի պատմությունը։
Ի երախտագիտություն ՀԲԸՄ ՀՎՀ-ի կրթական առաջատար դերի և կատարած ակնառու աշխատանքի և ի նպաստ ցեղասպանության իրազեկման և միջազգային կրթության խթանման՝ դոկտոր Ե․ Զորյանն արժանացավ Օսթինի պատվավոր քաղաքացու կոչմանը, ինչպես նաև մրցանակներ ու շնորհակալագրեր ստացավ ԱՄՆ սենատոր Թեդ Քրուզի, Արիզոնայի և Միչիգանի նահանգապետերի կողմից: Արփինե Թավաքալյանն ու Անի Դեկիրմենչյանը ևս պարգևների արժանացան՝ ի գնահատանք ծրագրի իրականացմանն ուղղված ջանքերի։
Դոկտոր Զորյանն իր երախտագիտությունը հայտնեց կրթական այս ծրագրի և համատեղ աշխատանքի համար՝ հավելելով․ «Պատմությունը հասկանալը, ճանաչելը և դրանից դասեր քաղելը շատ կարևոր է։ Հայոց պատմությունը համաշխարհային պատմության մի մասն է, և ես կարծում եմ, որ ուսանողներն իսկապես կգնահատեն այս հնարավորությունը, որը կյանքի կոչվեց Դել Վալլե ավագ դպրոցի, Օսթինի «Global Scholars Diploma» ծրագրի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի ջանքերով»։
Նա շնորհավորեց ուսանողներին և ողջունեց նրանց ՀՎՀ-ի առցանց սովորողների համաշխարհային ընտանիքում:
«Global Scholars Diploma» ծրագրի տնօրեն և ՀՎՀ-ի շրջանավարտ Մայք Քանինգհեմն իր հերթին արժանացավ ՀԲԸՄ ՀՎՀ-ի դեսպանի կոչմանը՝ ամբողջ աշխարհում ՀՎՀ-ի ծրագրերի տարածմանն աջակցելու և ներդրած ջանքերի համար: