Բալյանների ժառանգությունը․ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հայ նշանավոր ճարտարապետների թեմայով վեբինար
05/18/2023
2023 թվականի մայիսի 18-ին UCLA-ի «Խոստում» հայկական ինստիտուտը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը «Բալյանները․ Օսմանյան ճարտարապետությունը և Բալյանների արխիվը» խորագրով վեբինարի շրջանակում համատեղ ներկայացրին Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում բազմաթիվ ճարտարապետական գլուխգործոցների հեղինակ, հայտնի ճարտարապետների ընտանիքի՝ Բալյանների ժառանգությունը։ Միջոցառումը համաֆինանսավորվել էր UCLA-ի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի, Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցության (NAASR), ինչպես նաև Արարատ-Էսքիջյան թանգարանի կողմից։
Բալյանների ընտանիքի երեք սերունդ բազմաթիվ նախագծերով և շինություններով ձևավորել է Օսմանյան կայսրության ճարտարապետական ոճը։ Նրանք կառուցել են պալատներ, առանձնատներ, մզկիթներ, եկեղեցիներ, դպրոցներ և այլ հասարակական կառույցներ, որոնք հիմնականում Կոստանդնուպոլսում են գտնվում (ներկայիս Ստամբուլում)։
«Բալյանները․ Օսմանյան ճարտարապետությունը և Բալյանների արխիվը» գրքի հեղինակ ճարտարապետ Բյուկե Ուրասը վեբինարի ընթացքում խոսեց Բալյանների ընտանիքի՝ Օսմանյան ճարտարապետության վրա թողած ակներև ազդեցության մասին և ներկայացրեց ընտանիքի արխիվից վերցրած ճարտարապետական նախագծեր և փաստաթղթեր։
Ծրագրի համակարգող և գրքի հովանավոր Արսեն Յարմանը իր արժեքավոր պատկերացումներով նույնպես կիսվեց վեբինարի մասնակիցների հետ։
Առցանց միջոցառումը վարում էին ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ դոկտ․ Երվանտ Զորյանը և UCLA-ի «Խոստում» հայկական ինստիտուտի տնօրեն Աննա Կարագոզյանը։ Ինտերակտիվ հարցուպատասխանի ընթացքում Ուրասը պատասխանեց մասնակիցների բազմաթիվ հարցերին՝ Բալյանների ճարտարապետական աշխատանքների, ազդեցության և ներդրման, ինչպես նաև Բալյանների հարուստ արխիվի հասանելիության գալիք հնարավորությունների վերաբերյալ։
Վեբինարի ձայնագրությունը և խոսնակների կողմից տրամադրված այլ աղբյուրները հասանելի են այստեղ՝ ՀՎՀ-ի ուսումնական հարթակում։