Եթե Ձեր ծնողներից մեկը հայ է և դուք ապրել եք մի վայրում, որտեղ չի եղել հայկական համայնք, և դուք մեծ ցանկություն եք ունեցել բացահայտել Ձեր արմատները և սովորել հայոց լեզու, ապա ի՞նչ կանեիք դուք:
Հիրավի, այն շատ կարևոր հարց էր Քրիստին Սերջենյանի համար, մի երիտասարդ պարմանուհի, հայուհի-ամերիկուհի Նյու-Յորքի Քուինս քաղաքից:
Նա դասավանդման մագիստրոսի կոչումը ստացել է Փեյս համալսարանում (Pace University), այնուհետև բարձրագույն կրթության մագիստրոսի կոչում է ստացել Հարվարդի համալսարանում, իսկ այժմ աշխատում է Յեշիվա համալսարանում` որպես տնօրենի օգնական:
Երեք երեխաներից կրտսերը`Քրիստինը, ունի մեկ ավագ եղբայր և մեկ ավագ քույր: Հայ հոր ընտանիքը եկել է Ստամբուլից` Օրդուից, մինչդեռ մայրն իռլանդուհի է:
Մեծանալով` նրան բախտ չվիճակվեց այցելել հայկական դպրոց կամ կիրակնօրյա դպրոց, քանի որ իր ծննդավայր Ուոթերվիլում (Մեն) նման հնարավորություն չկար: Այնուամենայնիվ, նա մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում հայկական խնդիրների նկատմամբ, հատկապես, երբ միջին դասարաններում սկսեց հասկանալ ինքնության գաղափարը: Այսպես, նա սկսեց ձևավորել իր սեփական ինքնությունը պատանեկության տարիներից:
«Իմ ծննդավայրը, որտեղ ես մեծացել եմ, բազմամշակութային չէր, և մյուս երեխաներն ակնհայտ ձևով ցույց էին տալիս իմ 'տարբեր' լինելը»,-ասաց Քրիստինը: «Նրանք հաճախ ինձ հարցեր էին տալիս ուտելիքի մասին, որ ես դպրոց էի տանում, բոլորից տարբերվող իմ արտաքինի, իմ անսովոր ազգանվան և այլնի մասին: Այդ էր պատճառը, որ երբ ես հարցեր էի տալիս կամ փորձում էի հասկանալ այն բաները, որ տեղի էին ունեցել ինձ հետ, երբ ես փոքր էի, հայրս և մայրս, երկուսով, իմ մեջ հայ լինելու հպարտություն էին սերմանում»:
Միայնակ լինելով իր կիսով չափ հայ դասընկերոջ հետ` Քրիստինը հաճախ պրեզենտացիաներ էր պատրաստում իր ընկերներին հայոց պատմությանը ծանոթացնելու համար: Երբ նա առաջին անգամ եկավ Բրաուն համալսարան (Brown University) սոցիոլոգիա ուսանելու համար, հաճախ այցելում էր Փրովիդենսի (Ռոդ Այլենդ) հայկական եկեղեցի: Նա համալսարանի տարածքում ստեղծեց հայ ուսանողների ասոցիացիա: Այդուհանդերձ, դյուրին չէր առանց լեզվի և սովորույթների իմացության ներգրավվել հայկական համայնքում:
2008 թվականին, Քրիստինն առաջին անգամ այցելեց Հայաստան Birthright Armenia ծրագրի շրջանակներում` որպես Հայ կամավորների կորպուսի մասնակից: Նա մի քանի ամիս ապրեց Երևանում` մի հյուրընկալ ընտանիքում, և իր պրակտիկան անցկացրեց Counterpart International–ում:
«Հրաշալի փորձ ձեռք բերեցի, բայց ցանկությունս մեծ էր ունենալ ավելի խորը լեզվական գիտելիքներ»,-ասաց նա: Այնուամենայնիվ, երեք ամիս ապրելով Հայաստանում, Քրիստինը հայերեն խոսելու և հասկանալու որոշակի պաշար հավաքեց:
Նյու-Յորք վերադառնալուն պես Քրիստինը սկսեց միջոցներ փնտրել հայոց լեզվի իր ունեցած մակարդակը, որ ձեռք էր բերել Հայաստանում, պահպանելու համար: Հենց այդ ժամանակ էր, որ նա բացահայտեց Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) Birthright Armenia–ի շրջանավարտներից մեկի միջոցով և արձանագրվեց ՀՎՀ-ի արևելահայերենի դասընթացին: Նա արդեն մասնակցել է երեք ուսումնական շրջանի` անցնելով սկսնակներից մինչև միջին մակարդակ: «Ես ցանկացա հայերեն սովորել Հայկական վիրտուալ համալսարանում, քանի որ հնարավորություն չունեմ հաճախ խոսել և մտածել հայերեն, և ես չեմ ցանկանում կորցնել այն, ինչ ձեռք եմ բերել Հայաստանում»,- ասաց նա:-«Ընթերցանության և գրավորի մեջ ունեցած իմ առաջընթացն ու, ընդհանրապես, լեզու սովորելու հմտությունն ինձ նաև հնարավորություն տվեց ինքնուրույն սովորել»:
ՀՎՀ-ի անձնակազմի, հեռավար կրթության դասախոսների և շրջանավարտների միջև համագործակցությունը ցույց է տալիս ծրագրի բարձր որակը և իր առաքելությունը հավերժացնելու ունակությունը: «Ինձ իսկապես հաճելի էր լինել Հայկական վիրտուալ համալսարանի ուսանող: Երեք ուսումնական շրջանի ընթացքում ես աշխատեցի միևնույն հեռավար կրթության դասախոսի հետ, ով ինձ տվեց շատ դրական փորձ»,-ասաց Քրիստինը:-«Երբ 2012 թվականին երկրորդ անգամ Հայաստան այցելեցի Լույս հիմնադրամի/Հայաստանում Ամերիկյան համալսարանի շրջանակներում և միացա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թիմին` որպես հյուր խաղացող, համոզվեցի, թե ինչքան մեծ նշանակություն է ունեցել Հայկական վիրտուալ համալսարանն իմ կյանքում: Ես կարողանում էի կարդալ փողոցների նշանները, խանութների ցուցանակները և կիրառել իմ ստացած գիտելիքները: Այս դասընթացներն ապացուցեցին, որ հսկայական արժեք են իրենցից ներկայացնում: Նաև շատ գնահատում եմ ՀՎՀ-ի անձնակազմի մեծահոգությունը և հոգատարությունը իմ հանդեպ»:
Արևելահայերենի դասընթացներն ավարտելուց և լեզվի իմացության լավ մակարդակի հասնելուց հետո, Քրիստինը նպատակ ունի մասնակցել նաև ՀՎՀ-ի հայոց պատմության դասընթացներին: Իր զգալի փորձը նրա մոտ ցանկություն առաջացրեց ՀՎՀ սովորելու առաջարկ անել ընկերներին և մտերիմներին, այդ թվում, իր ավագ քրոջը, ով նույնպես ապրում է Քուինսում:
Հարութ Էկմանյան