login
Հայացք ներսից
Վերաժառանգել սեփական ժառանգությունը 05/10/2014

Մեկ անգամ դառնում ես ուսանող և ուսանող ես մնում ողջ կյանքում:
 

Վերոնշյալը բառացիորեն վերաբերում է դոկտոր Սոնա Արոնյանին, ով, երկար տարիներ դասավանդելով համալսարանում, որոշեց նորից ուսանող դառնալ, այս անգամ արդեն Հայկական վիրտուալ համալսարանում:


Արոնյանը ծնվել է Մասաչուսեթի Լին քաղաքում: Հետաքրքիր է նրա ընտանիքի պատմությունը, որ վերապրել է Օսմանյան կայսրության կողմից իրագործված հայոց ցեղասպանությունը: Հայրը` հպարտ զեյթունցի դոկտոր Արշակ Ահարոնյանը, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կոստանդնուպոլսի համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանող էր և, միևնույն ժամանակ, ստիպված էր ծառայել ռազմական աշխատանքային գումարտակներում: Այդ նույն ժամանակահատվածում Արոնյանի մայրը կորցնում է իր ողջ ընտանիքը Մադենում, իսկ իրեն որպես նվեր Ստամբուլում հանձնում են թուրքական հեծելազորի մի սպայի: Կոնիայի ճանապարհին նա փախնում է և հանդիպում Արշակին, ով նույնպես փախել էր աշխատանքային գումարտակից: Պատերազմի ավարտից հետո նրանք ամուսնանում են, գնում Ստամբուլ, այնուհետև, 1921-ին մեկնում են ԱՄՆ:


Ահարոնյանները նոր երկրում դառնում եմ Արոնյան, ծնվում է Սոնա Արոնյանը, ով մեծանում է, դառնում ռուսական գրականության, ֆեմինիստական հետազոտությունների և համեմատական գրականության դասախոս և 40 տարի շարունակ դասավանդում Ռոդ Այլենդի համալսարանում:


Սոնայի հայրը 1947-ին հայրենադարձվում է Սովետական Հայաստան, որտեղ էլ մահանում է` այդպես էլ չկարողանալով նորից տեսնել դստերը, ով իր ավագ քրոջ հետ մնում է Միացյալ Նահանգներում: Սոնան առաջին անգամ Հայաստան է գալիս հոր մահից հետո: Դրանից հետո ևս վեց անգամ լինում է Հայաստանում, վերջին այցելությունը 2012-ին էր:
 

Արոնյանի համայնքում շատ քիչ հայեր կան և չկա ոչ մի հայկական եկեղեցի: Նա հնարավորություն չուներ վայելել հայկական միջավայրը և սովորել խոսել վարժ հայերենով: Նա հայերենը կարող էր գործածել շաբաթը միայն մեկ անգամ, Պրովիդանս կատարած իր այցելությունների ժամանակ, որտեղ շատ հայեր կային: Նա սովորեց Նյու Հիվենի (Կոնեկտիկուտ) Յելի համալսարանում, որից հետո տեղափոխվեց Փենսիլվանիա, մինչև Ռոդ Այլենդի համալսարանում իր դասախոսական գործունեության սկիզբը: Նա հիշում է համալսարանի իր հայ ուսանողներին, որոնց հետ հայերեն մի քանի նախադասություն փոխանակելով` իրեն կապված էր զգում աշխարհասփյուռ այդ մեծ համայնքի հետ: Նա մինչև հիմա հիշում է ուսանողներից մեկին, ով լավ դուդուկ էր նվագում:
 

Դոկտոր Արոնյանը հանգստի անցավ 2 ու կես տարի առաջ և անմիջապես միացավ Հայկական վիրտուալ համալսարանին, որի մասին տեղեկացել էր համացանցի միջոցով: Ծրագիրը նրան գրավել էր իր արդի մեթոդների կիրառմամբ, նկարներով և մուլտիմեդիա այլ բաղադրիչներով:
 

«Ես իսկապես գնահատում եմ ՀՎՀ-ի իրազեկությունը այն դժվարին հարցում, թե ինչպես պետք է հայերեն սովորեցնել ոչ հայախոսներին»,- ասաց դոկտոր Արոնյանը:
 

Նա մասնակցեց արևմտահայերենի դասընթացի 8 մակարդակներին` ավարտելով ծրագիրը, հետո մասնակցեց հայկական երաժշտության երկու դասընթացներին: Նա ասում է, որ առաջին տարուց հետո դասընթացներն արագ էին առաջ ընթանում, բայց, քանի որ իր սովորելու ցանկությունը բավականին մեծ էր, նա կարողանում էր անհրաժեշտ ժամանակը տրամադրել դասերին: Դոկտոր Արոնյանը միշտ հիշում է, թե որքան պատրաստակամ էին իր օնլայն ուսուցիչները, ովքեր իրեն օգնեցին սիրել շաբաթական դասընթացները և վայելել ուսումը:
 

Թոշակառու դասախոսը և ՀՎՀ-ի նվիրված ուսանողն այժմ զբաղված է իր ընտանիքի պատմությունը ուսումնասիրելով և գրելով: Նա արևմտահայերեն լեզվով շատ նյութեր ունի, որոնք ուսումնասիրելու և կարդալու գործում օգնության են գալիս ՀՎՀ-ում ստացած իր գիտելիքները:
 

Արոնյանը սիրում է հայ գրողներ Զաբել Եսայանի և Վահան Թեքեյանի ստեղծագործությունները: Նա ցանկանում է հաջորդիվ մասնակցել հայկական գրականության դասընթացներին: Հայկական միջազգային կանանց ասոցիացիայի հանդիպումներին նա միշտ խոսում է ՀՎՀ-ում իր ուսման մասին և ասում է, որ միշտ լինում է ինչ-որ մեկը, որ հետաքրքրված է դրանով:
 

«Ես երախտապարտ եմ ՀՎՀ-ին, որ ինձ օգնեց վերաժառանգել իմ իսկ ժառանգությունը», ասում է դոկտոր Արոնյանը:


Հարութ Էկմանյան