login
Հայացք ներսից
«ՀԲԸՄ ՀՎՀ շախմատի դասընթացները հիանալի են» 09/07/2024

ՀԲԸՄ ՀՎՀ ուսանող Ռուբեն Բազիյանցը ծնվել է Մոսկվայում՝ հայ ընտանիքում։ Տասը տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգ։ Այժմ բնակվում են այնտեղ:


Չնայած հայերենը Ռուբենի մայրենի լեզուն է, դպրոց հաճախելուն պես ամբողջովին մոռացել է այն: Իր արմատների հետ կապը պահպանելու, ինչպես նաև տատիկի հետ հայերեն շփվելու համար Ռուբենը որոշեց բարելավել հայերենի իմացությունը։


Համացանցում տարբեր ծրագրեր որոնելով՝ հայտնաբերեց ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) և սկսեց հետևել հայոց լեզվի և շախմատի դասընթացներին։ Փոքր տարիքից սիրել է շախմատը և ուրախ է, որ երկու դասընթացներին էլ կարող է հետևել։ 


«Շատ ուրախացա, երբ իմացա, որ հայոց լեզվի դասընթացից բացի կա նաև շախմատ, - ասում է Ռուբենը և հիշում․-պապս է սովորեցրել շախմատ խաղալ։ Մեծ ուշադրությամբ և համբերատարությամբ բացատրում էր բոլոր քայլերը։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո երբեմն հորս հետ էի խաղում», - հիշում է Ռուբենը։


Տարիների ընթացքում շախմատի հանդեպ ունեցած հետաքրքրությունը մարում է, սակայն 2020 թվականի համավարակի շրջանում նա նորից սկսում է շախմատ խաղալ։ 


«Շախմատ խաղալիս ամբողջովին կտրվում եմ առօրյա հոգսերից։ Սկսում եմ մտածել միայն խաղի ռազմավարության և լավագույն քայլերի մասին», - ասում է Ռուբենը և հավելում, որ ի տարբերություն մանկության օրերին, երբ հաճախ հայրն էր հաղթում, այժմ հաղթողը միշտ ինքն է։ Եվ սա իր մեծագույն նվաճումն է։ 


ՀԲԸՄ ՀՎՀ շախմատի դասընթացներով Ռուբենը բարելավել է հմտությունները։ «Դասընթացի շնորհիվ ծանոթացա շախմատի հարուստ պատմությանը և զարգացմանը։ Սովորել եմ նոր քայլեր և ձեռք բերել այնպիսի հմտություններ, որոնք բարելավել են շախմատի իմացությունը։ Ամեն ինչ հիանալի է ներկայացված»։


ՀԲԸՄ ՀՎՀ հեռավար դասախոս Մանե Ադամյանը նշում է, որ Ռուբենը շատ պատասխանատու ուսանող է․- «Միշտ պատրաստ է դասերին և հիանալի է կատարում բոլոր առաջադրանքները և քննությունները»։


Ռուբենը որոշել է շարունակել ուսումը ՀԲԸՄ ՀՎՀ-ում․-«Մտադիր եմ ավարտել շախմատի դասընթացը և շարունակել սովորել հայերեն»։


ՀՎՀ-ի միջոցով Ռուբենն ամրապնդել է իր կապը արմատների և հայրենիքի հետ։ Հիշելով առաջին այցելությունը հայրենիք՝ ասում է․ «Հիշում եմ Արագածը՝ այդ հսկա և գեղեցիկ լեռը։ Համտեսեցի բոլոր համեղ ուտեստները, շրջեցի Երևանով և վայելեցի բնությունն ու կանաչապատ տարածքները։ Հուսով եմ մի օր նորից այցելել Հայաստան»։