login
Հոդվածներ
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը շարունակում է վիրտուալ շրջագայությունների շարքը իր ուսանողների համար 02/19/2013
«Այլ լեզուն կյանքի այլ ընկալում է»: Զուր չէ, որ ՀՎՀ վիրտուալ շրգայությունների մասին մտածելիս առաջ են գալիս Ֆեդերիկո Ֆելինիի այս խոսքերը: Այս հանդիպումների շնորհիվ է, որ ՀՎՀ ուսանողները ոչ միայն հայերեն են սովորում, բայց նաև զգում և ապրում են հայերենը` վերագնահատելով կյանքի, ավանդույթների, մշակույթի և արվեստի նկատմամբ իրենց ունեցած ընկալումները: 2013 թվականի ձմեռային ուսումնական շրջանի ընթացքում ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանն իր ուսանողների համար կազմակերպեց երկու վիրտուալ հանդիպում` «Բարեկենդան» հայկական ազգային տոնը և ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու կյանքի կենդանի պատմությունը: Այս միջոցառումները, մշակված լինելով որպես ուսումնական ծրագրի կրթական և հետաքրքիր հավելումներ, ավելանում են ուսումնական յուրաքանչյուր շրջան: Կրոնական ծագում ունեցող և պահքից առաջ նշվող «Բարեկենդան»-ի տոնը շատ զվարճալի և ուրախ անցավ հատկապես ՀՎՀ օնլայն ուսուցիչների կողմից պատրաստած միջոցառման շնորհիվ: Միջոցառումը թատերականացվել էր` հաշվի առնելով տոնի ժամանակ անցկացվող հանդիսությունները և ավանդույթի ոգին: ՀՎՀ օնլայն ուսուցիչները և ուսանողները կրում էին տոնական հագուստ և դիմակներ: Ուսուցիչները ցուցադրեցին «ակլադիզը»` սոխով և հավի փետուրներով պատրաստված տոնի խորհրդանիշ տիկնիկը, ուսանողներին ներկայացրեցին տոնի բանաստեղծությունները և երգերը, ինչպես նաև տոնին բնորոշ ուտեստների և թխածքաբլիթների բաղադրատոմսերը: Նայ Էլ-Հըլուն` մի ուսանող Լիբանանից, նշել է. «Մինչ վիրտուալ հանդիպումը «բարեկենդան»-ը ինձ համար բառ էր, որ ես չէի հասկանում: Միջոցառման ժամանակ սովորեցի տոնի հետ կապված ամեն ինչ: Հույս ունեմ, որ մի օր ես կկարողանամ մասնակցել այդ տոնին, քանզի այն իսկապես շատ հետաքրքիր է և նշանակում է «Լավ կյանք»»: Արշիլ Գորկուն նվիրված վիրտուալ հանդիպումը ջերմորեն ընդունվեց ուսանողների կողմից: Նրանց հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ցանկություն հայտնեցին փնտրել և գտնել ավելի շատ տեղեկություններ մեծ արվեստագետի յուրօրինակ կյանքի և ստեղծագործական աշխատանքի վերաբերյալ: Որոշ ուսանողներ անակնկալի եկան, իմանալով, որ ամերիկյան գեղանկարչության հետպատերազմյան շրջանի աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրը ծագումով հայ է եղել: Օնլայն ուսուցիչները ուսանողներին հրավիրեցին հիանալ Գորկու աշխատանքների երանգներով և գույներով: Գորկու վրձնահարվածները ոգեշնչվել են իր կորուսյալ հայրենիքով, Վանա լճի լազուրով, պատմական Հայաստանի իր ծննդավայրի հրաշակերտ բնությամբ: Արվեստագետի յուրօրինակ կյանքի պատմությունը հուզեց որոշ ուսանողների: Հենրի Իսրայելյանը` ուսանող Ռուսաստանից, կիսվեց իր տպավորություններով. «Ես տպավորված էի նրա մեծ տաղանդով, հայկական հողը իր նկարներում ներկայացնելու հմտությամբ: Իր ծննդավայրի հիշողությունը միշտ մնաց իր սրտում»: Մեկ այլ ուսանող`Ուիլյամ Լուիզը ԱՄՆ-ից, այս կերպ խոսեց Գորկու կյանքի և արվեստի մասին. «Ես ցնցված էի այն ծայրահեղ դժվարություններից, որ ապրեց Արշիլը: Իր նվիրվածությունը աշխատանքին ու ընտանիքին արտացոլված էր իր «Նկարիչն ու իր մայրը» կտավի միջոցով, որը Գորկու համար միշտ անկատարյալ էր: Արշիլը մի զարմանալի կյանք ապրեց, որը ցավոք շատ վաղ ընդհատվեց»: ՀՎՀ նախորդ վիրտուալ հանդիպումները ներառում են այցելություններ Հայաստանի ամենից նշանավոր թանգարանները, պատմական և մշակութային նշանակություն ունեցող վայրերը, վիրտուալ զբոսանք Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցներով, և այլն: Այս միջոցառումները ոչ միայն հարստացնում են ուսանողների հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ ունեցած գիտելիքները և ընկալումը, այլ նաև տալիս են կենդանի շփման վիրտուալ հնարավորություն` ուսանողների համար ստեղծելով մեկ ընդհանուր միջավայր: ՀՎՀ-ն շարունակում է ընդայլնել այս միջոցառումների ցանկը` հաշվի առնելով ուսանողների կրթական կարիքները և նման հանդիպումների հետ կապված նրանց ակնկալիքներն ու պահանջարկը: