login
Հոդվածներ
ՀՎՀ-ի շախմատի առցանց ծրագիրը ներկայացվեց երկու միջազգային համաժողովների շրջանակներում 10/01/2016
ՀՎՀ-ի համար 2016 թվականը նշանավորվեց շախմատային երկու միջազգային համաժողովների մասնակցությամբ: «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագրով համաժողովը տեղի ունեցավ Ծաղկաձորում, իսկ «Շախմատային կրթություն» համաժողովը՝ Վրաստանի Բաթում քաղաքում: Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագիրը կրող համաժողովն անցկացվեց 2016 թվականի հոկտեմբերի 1-ին և 2-ին: Համաժողովին մասնակցում էին շուրջ երկու տասնյակ երկրների ներկայացուցիչներ՝ փոխանակելու իրենց երկրների դպրոցներում շախմատ առարկայի դասավանդման վերջին ձեռքբերումները և ուսումնասիրությունների արդյունքները: Մասնակիցներին մեծապես հետաքրքրեց ՀՎՀ-ի շախմատի առցանց (օնլայն) դասավանդման փորձառությունը անհատների, համայնքային կենտրոնների և դպրոցների շրջանակներում: ՀՎՀ-ի ակադեմիական տնօրեն Հասմիկ Խալափյանն իր խոսքում նախ ընդգծեց ծրագրի առավելությունները, այնուհետև շեշտադրեց ՀՎՀ-ում առցանց (օնլայն) դասավանդման մեթոդական և մանկավարժական մոտեցումները: Համաժողովի մասնակիցները և հյուրերը ծանոթացան ծրագրի արդի լուծումներին, ինչպես նաև այն հնարավորություններին, որոնք ուսուցիչները և ուսանողները կարող են ունենալ ՀՎՀ-ի շախմատի դասընթացների միջոցով: 2016 թվականի հոկտեմբերի 25-ին և 26-ին ՀՎՀ-ի շախմատի օնլայն ծրագիրը ներկայացվեց ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի մանկապատանեկան առաջնության շրջանակներում առաջին անգամ տեղի ունեցած «Շախմատային կրթություն» համաժողովին: ՀՎՀ-ի ձեռքբերումները հետաքրքրություն առաջացրին համաժողովի մասնակիցների և եվրոպական շախմատային ընտանիքի ներկայացուցիչների մոտ: Դոկտոր Հասմիկ Խալափյանը խոսեց շախմատի դասընթացի` որպես գործնականում կիրառված ուսանողակենտրոն դասավանդման մեթոդի հաջողված փորձի մասին: Այս համաժողովները հետագա համագործակցության նոր եզրեր ստեղծեցին ոլորտի ակնառու ներկայացուցիչների հետ՝ շախմատային ավելի ընդարձակ լսարանին ներկայացնելով ՀՎՀ-ի շախմատի առցանց (օնլայն) ծրագիրը: