ՀՎՀ-ն մասնակցեց «Ռուսաստանի հայկական սփյուռքը» խորագրով համաժողովին
10/13/2016
Սույն թվականի հոկտեմբերի 13-14-ը ՀՎՀ-ն մասնակցեց «Ռուսաստանի հայկական սփյուռքը» խորագիրը կրող միջազգային երկօրյա համաժողովին, որը կազմակերպել էին Երևանի պետական համալսարանը, Պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնը և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայկական համայնքների բաժինը: ՀՎՀ-ի թիմը նույնպես մասնակցում էր համաժողովին՝ քննարկելու Ռուսաստանի հայկական համայնքի ներկա իրավիճակը, Ռուսաստանի հայերին բնորոշ առանձնահատկությունները, ինչպես նաև ազգային ինքնության պահպանության մարտահրավերների հնարավոր լուծումները:
ՀՎՀ-ն վերոնշյալ հիմնահարցերին մոտեցավ գլխավորապես կրթական տեսանկյունից և ներկայացրեց գիտական հետազոտության արդյունքների վրա հիմնված վերլուծություն՝ «Հայկական կրթության և ինքնության ընկալումը Ռուսաստանի հայերի շրջանում. Հայկական վիրտուալ համալսարանի փորձը» վերնագրով: ՀՎՀ-ի գիտաշխատող Տիգրան Եփրեմյանը խոսեց որակական և քանակական տվյալներով հիմնավորված իր վերլուծության մասին՝ ներկայացնելով Ռուսաստանից ՀՎՀ-ի դասընթացներին մասնակցող ուսանողների ժողովրդագրական պատկերը, հայկական կրթություն ստանալու նրանց շարժառիթը և ՀՎՀ-ի դերը ռուսահայերի հայկական կրթական հնարավորությունները հավելյալ ռեսուրսներով հարստացնելու գործում: Հետազոտության եզրակացությունը հետևյալն էր. հայկական արդյունավետ կրթության և մշակութային փոխկապվածության միջոցով հնարավոր է պահպանել և զարգացնել մշակութային ու լեզվական ժառանգությունը,, հետևաբար կրթության նկատմամբ նորարարական մոտեցումը կարող է նպաստել նաև ինքնության պահպանմանը: