login
Հոդվածներ
ՀՎՀ-ն «Հայկական աշխարհը համացանցում» միջազգային գիտաժողովին 08/25/2016
Սույն թվականի օգոստոսի 25-ին ՀՎՀ-ի կրթական նորարարական մոտեցումը ներկայացվեց «Հայկական աշխարհը համացանցում» երկօրյա միջազգային գիտաժողովին: ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով կազմակերպված գիտաժողովին ներկա էին մեծ թվով գիտնականներ, հետազոտողներ և´ Հայաստանից, և´ սփյուռքից: ՀՎՀ-ն գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին ներկայացրեց առցանց կրթության ոլորտի իր եզակի փորձը: ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանն իր ողջույնի խոսքում կարևորեց նոր հեռանկարները, որոնք արդի տեխնոլոգիաների շնորհիվ հասանելի են դարձել աշխարհով մեկ սփռված հայերի համար: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ տիկին նախարարը ընդգծեց Հայկական վիրտուալ համալսարանի դերը. «Ես ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀԲԸՄ-ին Հայկական վիրտուալ համալսարանի ստեղծման համար: Համալսարանն այսօր հսկայական աշխատանք է կատարում՝ լուծելով հայկական ինքնությանը և լեզվի պահպանմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր:» ՀՎՀ-ի հիմնադիր և նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը «Հայկական աշխարհը համացանցի գիտակրթական հարթակում» խորագիրը կրող թեմատիկ նիստում ներկայացրեց ՀՎՀ-ի նորարարական գործունեությունը և նվաճումները: ՀՎՀ-ի զարգացման թիմի մենեջեր դոկտոր Արթուր Ավագյանը խոսեց ուսումնական նյութերի «վիրտուալացման» ուղիների մասին՝ որպես օրինակ նշելով ՀՎՀ-ի առցանց ռեսուրսների մշակման գործընթացը: Գիտաժողովի թեմատիկ երեք նիստերին հաջորդեցին ակտիվ քննարկումներ, որոնք առնչվում էին համացանցում հայագիտական ուսումնասիրություններին: Մասնակիցներն առաջարկեցին համացանցում հայոց լեզվի հեռավար ուսուցման, հայկական ժառանգության և տեղեկատվության անվտանգության հետ կապված իրենց լուծումները: