login
Հոդվածներ
ՀՎՀ-ն մասնակցեց «Strada Armeneasca» խորագիրը կրող փառատոնին 08/09/2015
Այս տարի ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը հայկական այն ծրագրերի շարքում էր, որ ներկայացված էին Ռումինիայի հայերի կազմակերպած «Strada Armeneasca» («Հայկական փողոց») փառատոնին: 2015 թվականի օգոստոսի 7-9-ը Բուխարեստի հայկական փողոցում ՀՎՀ-ն ընդգրկված էր գեղագրության տաղավարում, որտեղ հայկական գրերը և հայկական հնագույն գեղագրական արվեստը ցուցադրված էին ժամանակակից մեկնաբանությամբ ու արդի տեխնոլոգիական լուծումներով: Մեթոդ, որի միջոցով ՀՎՀ-ն հայկական կրթությունը հասանելի է դարձնում բոլորի համար և ամենուր: Փառատոնը հետաքրքրել էր հազարավոր մարդկանց՝ թե´ հայ, թե´ օտարազգի, ամբողջ աշխարհից: Այցելուներից շատերը մոտենում էին հայկական տաղավարին ՀՎՀ էլ. գրքերի մասին տեղեկություններ ստանալու համար: Հասմիկ Դանիելյանը և Լուիզա Տանազեն մեծ ոգևորությամբ պատմում էին էլ. գրքերի մասին՝ նկարագրելով վերջիններիս դերը հայագիտական ոլորտի ուսումնասիրության խթանման և զարգացման գործում: Օգոստոսի 8-ին տեղի ունեցավ նաև ՀՎՀ-ի առաքելությանը և ձեռքբերումներին նվիրված շնորհանդես, որի ընթացքում առավել հանգամանալից ներկայացվեցին ՀՎՀ-ի ծրագրերը: