login
Հոդվածներ
«Հայկական լեռնաշխարհը» էլեկտրոնային գիրքը ներկայացվեց Երեւան քաղաքի բոլոր դպրոցների ղեկավարներին 10/16/2014
Հոկտեմբերի 16 -ին Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր եւ նախագահ Երվանդ Զորյանը Երեւան քաղաքի բոլոր դպրոցների տնօրեններին ներկայացրեց Հայկական վիրտուալ համալսարանի վերջին նախաձեռնություններից մեկը՝ էլեկտրոնային գրքերի շարքը: Շուրջ 150 դպրոցի տնօրեններ եւ հետաքրքրասերների լայն շրջանակ էր մասնակցում միջոցառմանը: Երվանդ Զորյանը խոսեց ՀՎՀ նպատակների, առաքելության, ընդգրկուն աշխարհագրության եւ գրանցած հաջողությունների մասին: Ապա ներկայացրեց «Հայկական լեռնաշխարհը» էլեկտրոնային գիրքը, որտեղ մուլտիմեդիա գործիքներով համապարփակ տեղեկատվություն է ընդգրկված Հայաստանի պատմության, աշխարհագրության եւ մշակույթի մասին եւ հանրությանն է ներկայացվում անվճար, 7 լեզվով՝ արեւելահայերեն, արեւմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ թուրքերեն: «Հայկական լեռնաշխարհը, պատմությունը ներկայացնող բազմաթիվ հանրամատչելի գրքեր կան, սակայն սա եզակի է տեղեկատվությունը մատուցելու եղանակով: Այստեղ տեքստը, ձայնը, լուսանկարը եւ տեսանյութը այնպես են զուգակցվում, որ ընթերցողը փաստերին նորովի նայելու հնարավորություն է ստանում: Էլեկտրոնային գիրքն այս առումով գրավիչ կլինի աշակերտներին», - ասում է ՀՎՀ վարչական մասի տնօրեն Աննա Ենգիբարյանը: Միջոցառումը կազմակերպվել էր Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հանրակրթական դպրոցում՝ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ համագործակցությամբ: Համագործակցությունը շարունակական է, եւ դրա շրջանակներում առաջիկայում նոր ծրագրեր կիրականացվեն: